«Իզմիրլյան» ԲԿ տնօրենի մասնակցությամբ ձայնագրության հրապարակման առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետով (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը). 1lurer.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրել է ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:
«Կատարվում է նախաքննություն: Դատախազության կողմից ուղարկված նյութերը ևս կցվել են քրեական գործին»,- տեղեկացրեց Օհանջանյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանը ԲԿ աշխատակիցների վրա ճնշում է գործադրում և՛ իր, և՛ Հայ Առաքելական Եկեղեցու անունից:
Համացանցում տարածվել է ձայնագրություն, որից պարզ է դառնում՝ ԲԿ աշխատակիցների հետ հանդիպմանը Չարչյանն աշխատակիցներին պարտադրում է մասնակցել կիրակի օրը կայանալիք արտահերթ ընտրությանը:
Չարչյանը սպառնում է աշխատակիցներին՝ ասելով, թե ինքը «Հայաստան» դաշինքի թեկնածու է, և եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա ինքը կիմանա այդ մասին: