Եթովպիայի վերջին կայսր Հայլե Սելասիե Առաջինը 1920-ականներին մեկնում է Երուսաղեմ ու փողոցով անցնելիս պատահական լսում է հայկական երգերի հնչյուններ: Դրանք կայսրին տանում են հայկական եկեղեցի, ու Սելասիեն ականատես է լինում Ցեղասպանությունից մազապուրծ եղած 40 որբ մանուկների համերգին, որից հետո խնդրում է հայոց պատրիարքին՝ թույլ տալ որբ երեխաներին Երուսաղեմից Եթովպիա տեղափոխել:
Կայսրը 40 երաժիշտ հայ երեխաներին տեղափոխում է և կարգում առաջին կայսերական նվագախումբ: Եթովպիայում հայկական հետքի մասին է ռեժիսոր Արամազդ Գալայճեանի «Թեզետա» գեղարվեստավավերագրական ֆիլմը:
Ներսես Նալբանդյանը քառասուն որբերից էր, որը հետո մեծանուն կոմպոզիտոր դարձավ ու գրեց ոչ միայն կայսերական, այլ նաև հեղափոխությունից հետո Եթովպիայի Հանրապետության օրհներգերը: Ներսես Նալբանդյանը համարվում է նաև Եթովպիայի ժամանակակից ջազային երաժշտության հիմնադիրը։ Ֆիլմը տարբեր հայտնի երաժիշտների, այդ թվում՝ Նալբանդյանի աշակերտների միջոցով բացահայտում է հայերի մեծ ավանդը Եթովպիայի հասարակական և մշակութային կյանքի զարգացման գործում:
«Թեզետա»՝ եթովպերեն նշանակում է կարոտ կամ հիշողություններ: Թեզետան տարածված թեմա է եթովպացի երաժիշտների շրջանում։ Շատ հայտնի երաժիշտներ ունեն իրենց «Թեզետան»: Այն ջազում երաժշտական առանձին ենթաժանր է դարձել:
Անդրանիկը ֆիլմի աչքն է՝ օպերատորը, չնայած ֆիլմի վրա աշխատել են երեք տարի, ու տարբեր օպերատորներ են նկարահանումներ իրականացրել, սակայն աֆրիկյան գույները ֆիքսելն ու կինոխցիկը գողերից պաշտպանելը նրան վիճակվեց:
«Թեզետան» պետական աջակցությամբ նկարահանվող ֆիլմերի շարքում է: Բյուջեն 120 մլն դրամ է, որից 26 միլիոնը հատկացրել է պետությունը: Ֆիլմն այժմ հետարտադրական փուլում է, վերջին աշխատանքներն են մնացել, ևս մի քանի օր, և ֆիլմն ամբողջովին պատրաստ կլինի հանդիսատեսի համար:
Ֆիլմը դեռ երկար կշրջի տարբեր փառատոներով՝ ասում է պրոդյուսերը, և ոչ թե մրցանակներ հավաքելու նպատակով, այլ աշխարհի մշակույթի զարգացման գործում հայերի կարևորագույն ներդրումը ցույց տալու համար:
Հեղինակ՝ Արթուր Հովհաննեսյան