Ազգային ժողովի արտահերթ ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերի զգալի հատվածը նախընտրական քարոզարշավն Ընտրական օրենսգրքի սահմանած ժամկետից շուտ է մեկնարկել: Այսօր արձանագրեց «Ականատես» դիտորդական առաքելությունը: Այս ընտրություններին խնդիր կա նաև քարոզարշավի կազմակերպման ֆինանսավորման թափանցիկության հետ:
Ալեքսեյ Պետրոսյան, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար - Նախընտրական շտաբները չեն հայտարարագրվում կուսակցությունների կողմից: Դիտորդներն այցելել են տարբեր կուսակցությունների մոտ 350 նախընտրական շտաբ, արձանագրել են մոտ 500 աշխատող և 4200 կամավոր: Եթե այս ռեսուրսը վերածենք գումարի, ապա մոտավորապես կարող ենք ասել, որ ունենք 27 մլն դրամ, որոնք չեն հայտարարագրվում և 380 մլն՝ աշխատանքների համար:
Քարոզարշավի վրա անուղղակի ազդեցություն են ունեցել Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և Ազատություն» գրքի և «Տիգրան Արզաքանցյան բարեգործական հիմնադրամ. ուժը՝ մարդն է» գրառումը պարունակող պաստառների տարածումը: «Ականատես» դիտորդական առաքելությունը ներկայացրեց նաև ընտրակաշառքի դեպքերը՝ նկատելով, որ դիմումները շատ են, բայց ոչ բոլոր դեպքերն են ապացուցելի:
Ալեքսեյ Պետրոսյան - Մեկ դեպք արձանագրվել է ԲՀԿ Գավառի տարածքային գրասենյակի մասով, երբ համակարգողը սննդամթերքի տեսքով փաթեթներ է բաժանել՝ մոտ 7000 դրամ արժողությամբ: Բարեգործության, կաշառքի մեկ դեպք էլ արձանագրվել է Արմավիր մարզում՝ Դեմոկրատական կուսակցության կողմից:
Քարոզչության նյութերի տարածման խախտումներ արել են ընտրության մասնակցող գրեթե բոլոր քաղաքական ուժերը: Վարչական ռեսուրսի կիրառման դեպքեր նույնպես եղել են, բայց ոչ այնքան իշխանության, որքան ընդդիմության օգտին, վարչական ռեսուրսը չարաշահվում է նաև մասնավոր ընկերությունների կողմից:
«Ականատես» դիտորդական առաքելության անդամները նկատեցին, որ ակնառու խախտումների հիմնական դեպքերը մարզերում են: