Նախորդ շաբաթը համաշխարհային քաղաքականության համար սկսվեց երեք իրադարձությամբ, որոնք ոչ միայն հաջորդական էին, այլև տրամաբանորեն փոխկապակցված։ Խոսքը վերաբերում է աշխարհի ուժեղագույն տնտեսությունների յոթնյակի ղեկավարների հավաքին, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և, արդեն որպես այս շղթայի երրորդ բաղադրիչ, Բայդեն-Պուտին հանդիպմանը, որի վերաբերյալ կային բազմաթիվ կանխատեսումներ, որոնցից, ի դեպ, ոչ բոլորն էին լավատեսական։
Եթե առանձին կամ որպես մեկ ամբողջություն անդրադառնանք Մեծ յոթնյակի և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին, ապա անհնար է չնկատել, որ դրանցում ի հայտ եկավ Արևմուտքի քաղաքական նոր ռազմավարությունը։ Եթե մինչ վերջերս Ռուսաստանն ու Չինաստանը դիտարկվում էին որպես համանման վտանգներ, ապա այժմ այս երկու տերությունները Արևմուտքի համար, այսպես ասած, «դասվել» են։ Կարճաժամկետ կտրվածքով Ռուսաստանը դիտարկվում է որպես ռազմական վտանգ։ Ճիշտ է, սա չի նշանակում, թե արևմտյան պետությունները պատրաստվում են Մոսկվայի հետ գնալ ռազմական ուղիղ առճակատման, այլ զուտ ամրագրումն է նրա, որ եթե մի շարք հարցերում հնարավոր դառնա Ռուսաստանի հետ ընդհանուր հայտարարի գալ, ապա վտանգն ինքնին կչեզոքացվի։ Եվ այդ առումով ենթադրելի է, որ Բայդեն-Պուտին հանդիպման ընթացքում Բայդենի առաքելությունն այդ վտանգի աստիճանի գնահատումն ու Կրեմլի հետ, հնարավորության դեպքում, մարտավարական հրադադարի հաստատումն էր։ Դատելով ամենից, թե՛ Բայդենը, թե՛ Պուտինը գոնե այս հարցում կարողացան համաձայնության հասնել՝ ճիշտ է, միմյանց համար հստակ հավաստանշելով, թե որո՞նք են այն կարմիր գծերը, որոնք անցնելու դեպքում կողմերից յուրաքանչյուրն իրեն իրավունք կվերապահի դուրս գալ այդ պայմանական հրադադարի ռեժիմից։
Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա Պեկինը դիտարկվում է որպես երկարաժամկետ ռազմավարական մարտահրավեր, որի դեմ պայքարի համար Արևմուտքը պատրաստվում է մոբիլիզացնել իր բոլոր ռեսուրսները՝ փորձելով կանխել առաջիկայում Չինաստանի հնարավոր համաշխարհային հեգեմոնիան։ Սա բավական հետաքրքիր մարտավարություն է, քանի որ, ըստ էության, ոչ թե նպատակ ունի առհասարակ չեզոքացնել չինական գործոնը, ինչը հնարավոր էլ չէ, այլ աշխարհը տանել բազմաբևեռության այն տարբերակին, որի գաղափարը 21-րդ դարասկզբին մերժեց հենց Վաշինգտոնը։
Այսուհանդերձ, հարկ է շեշտել, որ առնվազն Հայաստանում հանրությունն այս իրադարձություններին հետևում էր ոչ այնքան գլոբալ քաղաքական խնդիրները կամ դրանց լուծման տարբերակները տեսնելու կամ ընկալելու, այլ կոնկրետ մեզ վերաբերող խնդիրներին անդրադարձի տեսանկյունից, մասնավորապես, թե ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Բայդեն-Էրդողան և Մակրոն Էրդողան, ինչպես նաև Պուտին-Բայդեն հանդիպումներից առաջ հայտարարվել էր, որ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է լինելու նաև արցախյան խնդրին։ Դեռևս ոչ այնքան հասկանալի պատճառներով, այս հանդիպումների ավարտից և ոչ մեկի դեպքում Արցախը չհիշատակվեց։ Կարելի է միայն ենթադրել, որ Բայդենն ու Պուտինն իրոք խնդրին չեն անդրադարձել, քանի որ անհամեմատ ավելի գլոբալ խնդիրներ ունեին։ Ինչ վերաբերում է Բայդենի և Մակրոնի՝ Էրդողանի հետ հանդիպումներին, ապա գրեթե կասկածի տեղիք չի տալիս, որ խնդիրը քննարկվել է։ Այլ հարց է, որ կողմերը, հնարավոր է՝ չեն կարողացել հասնել սկզբունքային համաձայնությունների, ինչի հետևանքով որոշել են խուսափել հարցի հրապարակային քննարկումից՝ հաշվի առնելով խնդրի զգայուն լինելն ու վտանգը, որ այս փուլում ցանկացած անզգույշ գործողություն կարող է հանգեցնել տարածաշրջանում ինքնաբուխ պայթյունի։