ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Վահրամ Դումանյանը շնորհավորել է Ալֆոնսո Դի Ռիզոյին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նրան մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-իտալական բարեկամական կապերի զարգացման:
«Վստահ եմ, որ Ձեր գործունեությունը կնպաստի Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնմանը։ Այդ համատեքստում կարևորում եմ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ իրականացվող ծրագրերը և փորձի փոխանակումը»,- նշել է նախարարի պաշտոնակատարը:
Վահրամ Դումանյանի խոսքով՝ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ արտերկրում գործող 12 ուսումնահետազոտական կառույցներում իրականացվում է հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման ծրագիր: Իտալիայում ծրագիրն իրականացվում է Հռոմի Լա՛Սապիենցա և Վենետիկի Կա՛Ֆոսկարի համալսարաններում: Նախարարի պաշտոնակատարն առաջարկել է ընդլայնել ծրագրի իրականացումը՝ ներգրավելով ՀՀ պետական բուհերը, որի արդյունքում հնարավոր կլինի իրականացնել համատեղ կրթական և հետազոտական ծրագրեր, ուսանողների, դասախոսների և երիտասարդ հետազոտողների փոխանակումներ:
Նախարարի պաշտոնակատարը կարևորել է նաև 2019 թվականից Երևանի դպրոցներում իտալերենի խորացված ուսուցման փորձնական ծրագրի իրականացումը. 2020-2021 ուսումնական տարում ծրագիրն իրականացվել է 7 հանրակրթական հաստատություններում:
Վահրամ Դումանյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին: Անդրադառնալով մշակույթի և ստեղծագործական ոլորտում համագործակցությանը՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանը տարիներ շարունակ մասնակցում է Վենետիկի ժամանակակից արվեստի միջազգային բիենալեին:
Անդրադառնալով սպորտի ոլորտում համագործակցությանը՝ Վահրամ Դումանյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի հավաքականներն ակտիվ մասնակցություն են ունեցել մի շարք մարզական միջոցառումների՝ առաջարկելով իրականացնել մարզիչների և մարզիկների փոխանակման ծրագրեր:
Դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն իր հերթին նշել է, որ երկու երկրների միջև համագործակցությունն իրավամբ սկսվում է մշակութային հարաբերություններից:
«Այդ առումով պատահական չէ, որ գործադիր մարմնի անդամներից իմ առաջին հանդիպումը հենց ԿԳՄՍ նախարարի հետ է: Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերություններն ավելին են, քան զուտ երկու պետությունների համագործակցությունը»,- նշել է դեսպանը՝ հավելելով, որ այդ համագործակցությունը հատկապես ակտիվ է մշակութային ոլորտում:
Ալֆոնսո Դի Ռիզոն կարևորել է Իտալիայի բուհերում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդումը՝ առաջարկելով ընդլայնել բուհերի ցանկը՝ օրինակ՝ այն ներդնելով Նեապոլի ուսհաստատություններից մեկում: Դեսպանը շեշտել է նաև ՀՀ դպրոցներում իտալերենի խորացված ուսուցման հարցը՝ ընդգծելով, որ ներկայում իտալերենի նկատմամբ հետաքրքրության աճ կա ամբողջ աշխարհում:
Դեսպանն ընդգծել է նաև միջբուհական համագործակցության կարևորությունը, հատկապես՝ ՏՏ ոլորտում իտալական փորձը փոխանցելու տեսանկյունից: Նա պատրաստակամություն է հայտնել սերտ համագործակցություն ծավալել նաև մշակութային ժառանգության պահպանության և արվեստի ստեղծագործությունների վերականգնման գործում: