Անվտանգային ոլորտում հրատապ հարցերից մեկը վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին Սոթք-Խոզնավար հատվածում տիրող իրավիճակին: Այս մասին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ասում ենք, որ այդ իրադրությունը պետք է լուծվի խաղաղ միջոցներով, քանի որ տեսնում ենք դրա իրական հնարավորությունը: Մեր միջազգային գործընկերները կիսում են մեր տեսակետը, այն է՝ Ադրբեջանի զորամիավորումները պետք է դուրս գան Հայաստանի տարածքից, ընդ որում՝ Հայաստանը պատրաստ է ընդունել միջազգային գործընկերների առաջարկը՝ զորքերի հայելային դուրսբերման սահմանի երկայնքով ռուս սահմանապահ կետերի տեղակայման և միջազգային հովանու ներքո հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքներ տանելու մասին՝ այդ աշխատանքը սկսելով հենց Սոթք-Խոզնավար հատվածից»,- ասաց Փաշինյանը:
Հայ հանրությանը վարչապետի պաշտոնակատարը կոչ արեց չվախենալ «դեմարկացիա» կամ «դելիմիտացիա» բառերից, քանի որ այդ գործընթացով անցնում են աշխարհի բոլոր անկախ պետությունները: