Հունիսի 17-ը հայ ականավոր բանաստեղծ Պարույր Սևակի հիշատակի օրն է։ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, մարզպետարանի աշխատակիցները, Հայաստանի գրողների միության ներկայացուցիչները, Սևակի պոեզիայի սիրահարները, ավանդույթի համաձայն, այսօր այցելել են նրա հայրենի գյուղ՝ Զանգակատուն:
Օրվան նվիրված միջոցառումները մեկնարկել են այն վայրից, որտեղ 1971 թվականին ավտովթարից զոհվել է ականավոր բանաստեղծը։ Ներկաները հարգանքի տուրք են մատուցել նրա հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով վթարի վայրում տեղադրված հուշաքարի և գրողի գերեզմանաքարի դիմաց։
Այնուհետև միջոցառումների շարքը շարունակվել է Սևակի տուն-թանգարանում։ Հիշարժան այս օրը թանգարանում բացվել է Հայոց պատմության ամենահին թվագիր խաչքարը, որը հայտնաբերվել է Զանգակատուն համայնքից դեպի հյուսիս գտնվող Հորթուն գյուղատեղիում: Այն, ըստ պաշտպանված թվագրության, գոյություն է ունեցել 9-20-րդ դարերի ընթացքում: Խաչքարն այսուհետ կցուցադրվի գրողի տուն-թանգարանում:
Պ. Սևակին նվիրված հուշ-ցերեկույթին տեղի է ունեցել նաև թատերական բեմադրություն՝ ականավոր գրողի կյանքի և ստեղծագործության ուշագրավ դրվագների յուրօրինակ մեկնաբանությամբ, բանաստեղծի տան մերձակա այգում էլ ներկաներն ունկնդրել են Կոմիտասի անվան ազգային քառյակի բացօթյա համերգը: