Կենտրոնացած, գործնական և առանց առճակատման: Մոսկվան ու Վաշինգտոնը Պուտին-Բայդեն սպասված հանդիպմանը դրական գնահատական են տվել: Կրեմլի ղեկավարը Տոլստոյի հայտնի խոսքերով է բնորոշել իրավիճակը՝ «Կյանքում երջանկություն չկա, կան միայն դրա առկայծումները: Գնահատեք դրանք»:
Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի նախագահների ժնևյան հանդիպումն առաջին ռուս-ամերիկյան երկխոսությունն էր 2018-ից հետո և որպես պետությունների ղեկավարներ՝ առաջին դեմ առ դեմ հանդիպումը: Ժնևյան բանակցություններից շաբաթներ առաջ նախագահների հանդիպումն արդեն աշխարհի ուշադրության կենտրոնում էր՝ կանխատեսումներ, օրակարգ, քննարկվելիք սուր հարցերի շրջանակ:
Նախատեսված ժամանակից ավելի՝ 4 ու կես ժամ տևած հանդիպումն ինչ արդյունք տվեց՝ պարզ կլինի առաջիկա ամիսներին: Բայդենն անգամ հստակ թիվ է նշել՝ 6 ամիս հետո հնարավոր կլինի արձանագրել՝ հաջողվա՞ծ էին բանակցությունները, թե՞ ոչ: Այնուամենայնիվ, արդեն հիմա կարելի է արձանագրել հանդիպման որոշ արդյունքներ։
Միջուկային պատերազմում չեն կարող լինել հաղթողներ, և այն երբեք չպետք է սանձազերծվի՝ արձանագրված է Պուտինի ու Բայդենի ընդունած համատեղ հայտարարության մեջ: Երկու երկրների ղեկավարները հայտարարել են ռազմավարական կայունության վերաբերյալ համապարփակ երկխոսություն սկսելու մասին, որը պետք է հիմք դնի ապագայում սպառազինության վերահսկմանը:
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ցույց են տվել, որ նույնիսկ լարվածության ժամանակ նրանք կարող են առաջընթացի հասնել ռազմավարական ոլորտում կանխատեսելիության ապահովման, զինված հակամարտությունների ռիսկերի նվազեցման և միջուկային պատերազմի սպառնալիքի նվազեցման համատեղ նպատակների իրականացման գործում: Այսօր մենք վերահաստատում ենք հավատարմությունը այն սկզբունքին, ըստ որի՝ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի։ Այդ նպատակներին հասնելու համար Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մոտ ժամանակում համատեղ երկկողմ երկխոսություն կսկսեն ռազմավարական կայունության շուրջ, որը կլինի առարկայական և եռանդուն:
Կողմերը շեշտել են, որ նման երկխոսության միջոցով ձգտում են հիմք դնել սպառազինությունների նկատմամբ ապագա վերահսկողության և ռիսկերի նվազեցման միջոցառումներին: Ռազմավարական կայունության վերաբերյալ համապարփակ երկխոսություն սկսելուց բացի՝ Մոսկվան ու Վաշինգոտնը պատրաստակամություն են հայտնել կիբեռանվտանգության, բանտարկյալների փոխանակման և սպառազինության վերահսկողության թեմաներով խորհրդակցություններ սկսել:
Վերլուծաբանները հանդիպման առարկայական ու նշանակալի ձեռքբերում են համարում նաև այն, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դեսպանները վերադառնում են Վաշինգտոն ու Մոսկվա: Պուտինը չի հստակեցրել ժամկետները, բայց նշել է, որ դա ընդամենը տեխնիկական հարց է: Դեռ մարտ ամսին դեսպանների փոխադարձ հետկանչը ռուս-ամերիկյան հարաբերություններն իջեցրել էր ամենացածր աստիճանի:
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը բանակցությունների նախօրեին հայտարարել էր, որ նախագահների քննարկման սեղանին տարածաշրջանային խնդիրների շարքում նաև լինելու է ղարաբաղյան խնդիրը: Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը, սակայն, ասուլիսների ժամանակ Լեռնային Ղարաբաղի հարցին անդրադարձ չկատարեցին: