Հայաստանում ծնելիության մակարդակն աճել է: Այս տարվա առաջին չորս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների բացարձակ թիվն ավելացել է 1288֊ով՝ շուրջ 12 տոկոսով:
Արտակ Մարկոսյան (ՀՀ ԱՍՀՆ ԿՍԱԳՀ խորհրդական) - Կարծում ենք՝ այն քաղաքականությունը, որ սկսեց իրականացվել 2019 թվականից, տալիս է իր արդյունքները, որովհետև երբ նայում ենք դինամիկան՝ հենց մարտ-ապրիլ ամիսներին, այն ծնունդներն են, որ ծնվել են 2020 թվականի հուլիսի 1-ից հետո:
Ծնելիությունը խթանելու համար նախորդ տարվա հուլիսի 1-ից իրականացվում է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 3 ծրագիր:
Սիրանուշ Մեսրոպյան (ծրագրի շահառու) - Բալիկը հենց հարստություն է ընտանիքի համար:
Սիրանուշը Սյունիքի մարզում միանվագ դրամական աջակցության ծրագրից օգտված առաջին շահառուն էր: Այն հնարավորություն է տալիս աջակցություն ստանալ մարզային բնակավայրում՝ հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերել, երբ արդեն ընտանիքում կա երկու անչափահաս երեխա, բնակարանն էլ 2020-ի հուլիսի 1-ից հետո է ձեռք բերվել: Այն ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը կամ, եթե կա կանխավճար, մայր գումարից մարում է արվում:
Սիրանուշ Մեսրոպյան - Ծրագիրը բացի սոցիալական աջակցությունից՝ նպաստում է նաև ծնելիության աճին, ունի ռազմավարական նշանակություն Հանրապետությունում, որն էլ շահագրգռում է երիտասարդ ընտանիքներին՝ ունենալ շատ ավելի երեխաներ:
Տվյալ ծրագրով աջակցությունը ստանալուց մեկ տարի հետո, եթե 12 ամիս մարում ունենան, իսկ ընտանիքում էլ ծնվի երրորդ երեխան, ապա կարող են նաև օգտվել երեխայի ծննդյան աջակցության ծրագրից: Արտակ Մարկոսյանի խոսքով՝ նման ծրագրերի արդյունքը տարիների ընթացքում ավելի նկատելի կլինի:
Արտակ Մարկոսյան - 2020 թվականին ծնունդների թիվն աճել էր մոտ 2500-ով, իսկ բոլոր մարզերում՝ բացառությամբ Լոռու մարզի, շատ լուրջ անկում էր գրանցվել, և ամենալուրջը՝ հենց կոնկրետ Արարատի մարզում մոտ 20.5 տոկոս անկում էր գրանցվել, Արմավիրի մարզում՝ 19.5 տոկոս, և Կոտայքի մարզում՝ մոտ 10 տոկոս:
Մտադիր են ՄԱԿ-ի գործընկերների հետ առաջիկայում հետազոտություն իրականացնել ու, հաշվի առնելով դիտարկումները, կանխարգելիչ ծրագրեր մշակել: Ժողովրդագրագետը նաև հայտնեց՝ նախորդ տարի, նաև համավարակով պայմանավորված, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ 1991 թվականից ի վեր միգրացիոն մնացորդի ցուցանիշը եղել է 3300 մարդ:
Արտակ Մարկոսյան - 2018-ից հետո դինամիկան նվազում էր արդեն, թեև դեռևս գտնվում էր բացասական գոտում, բայց կարծում եմ՝ քաղաքական իրավիճակի կայունացումը և տնտեսական աճի արագացումը պետք է, որպեսզի մոտակա տարիներին լուծենք նաև այս հարցը, որովհետև կա մի ցուցիչ, եթե մոտակա 3-4 տարվա կտրվածքով արձանագրվի առնվազն 7 և ավելի տոկոս տնտեսական աճ, ապա դա իր ազդեցությունն է ունենալու նաև արտագաղթի և ներգաղթի ցուցանիշների վրա, և հնարավոր է, որ մենք նաև ունենանք իրական մնացորդ՝ դրական գոտում:
Մարկոսյանն ընդգծում է՝ վերջերս ներգաղթի թեման ոչ ճիշտ ուղղությամբ է շահարկվում:
Արտակ Մարկոսյան - Կոնկրետ թվեր են նշում. 2004, 2005, 2006 թվականներին, որ Հայաստանում տեղի է ունեցել ներգաղթ: Պարզապես վերցված են տվյալները առ այն, որ սահմանահատումները եղել են դրական, բայց պետք է հասկանանք, որ ունենք մի ցուցիչ՝ դա միգրացիոն սալդոն է, միգրացիոն մնացորդն է, որն այլ մեթոդաբանությամբ է հաշվվում: Նույնիսկ այդ թվականներին մենք ունեցել ենք շատ լուրջ արտագաղթ կոնկրետ այդ թվականներին՝ 2004, 2005, 2006-ին մոտավորապես տարեկան 30 հազարով մենք ունեցել ենք միգրացիայի մնացորդի բացասական ցուցանիշ, թեև սահմանազատումները եղել են դրական:
Բացատրում է, որ սահմանահատումների ելք ու մուտքի ցուցանիշները միգրացիոն մնացորդի հետ չպետք է շփոթել: Սահմանահատումները ցույց են տալիս կոնկրետ տվյալ տարվա ընթացքում ընդհանուր սահմանահատումները՝ ներառյալ օտարերկրացիների: Այսինքն՝ ընդհանուր ուղևորահոսքը՝ ելք ու մուտք, որը կարող է լինել դրական կամ բացասական, և Հայաստանի անձնագրերով ելումուտի ցուցանիշները, իսկ միգրացիոն սալդոն դա մի քանի բաղադրիչից է հաշվարկվում:
Արտակ Մարկոսյան - Օրինակ՝ Վիճակագրական կոմիտեն իրականացնում է նաև հատուկ հետազոտություն, նաև հաշվառումից դուրս եկածների տվյալներն է հաշվառում, մտնողների տվյալները, մոտ 5-6 բաղադրիչ, որը նաև ներառում է այն սահմանահատումները, բայց սահմանահատումները միգրացիոն մնացորդ չէ, դա պարզապես ցույց է տալիս տվյալ տարում ելումուտի ցուցանիշները. դա կարևոր է, բայց դրանք ներգաղթի ցուցիչ չեն:
Այս ամենին զուգահեռ՝ պետությունը նախատեսում է ընթացիկ վերլուծությունների արդյունքում առավել բարելավել երկրում ծնելիության խթանմանը միտված ժողովրդագրական ծրագրերը: