Հունիսի 16-ին Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում հայրենի երկրի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիներ, ժամկետային զինծառայողներ Նարեկ Ղռոյանի, Սամվել Խաչատրյանի և կամավոր ռազմաճակատ մեկնած Գարիկ Գափոյանի անունները կրող դասասենյակների բացման արարողությունը:
Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, Գեղարքունիքի մարզպետարանի, Կարմիրգյուղի համայնքապետարանի ներկայացուցիչներ, հյուրեր, համայնքի բնակիչներ, մանկավարժներ, հերոսացած տղաների ծնողներն ու հարազատները:
Անվանակոչման համար ընտրվել էին այն դասասենյակները, որտեղ 44-օրյա պատերազմում զոհված տղաները իրենց ուսումնառությունն էին անցկացրել վերջին տարիների ընթացքում:
Դասասենյակները հիմնանորոգվել և կահավորվել էին Կարմիրգյուղի համայնքապետարանի, համայնքի բնակիչների և Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվի ներդրումների և աջակցության շնորհիվ:
Անվանակոչված յուրաքանչյուր դասասենյակում ստեղծվել էր հուշանկյուն, որը կահավորված էր հավերժի ճամփան բռնած հերոսների անձնական իրերով և լուսանկարներով:
Հայրենիքի սահմանների պաշտպանության համար ունեցած ավանդի համար Գարիկ Գափոյանը հետմահու ՀՀ պաշտպանության նախարարության կողմից արժանացել է «Մարտական ծառայության համար» մեդալի: Արարողության ընթացքում այն Գարիկի հորը հանձնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Սիրելի ծնողներ, խնդրում եմ՝ երբեք չխեղճանաք, չընկճվեք: Ձեր զավակները զոհվել են, որպեսզի դուք, մենք, մեր ժողովուրդը ավելի լավ ապրեն, մեր հայրենիքը ավելի հզոր լինի: Մենք մեծ ջանքերով, մեծ նվիրումով պետք է շենացնենք մեր հայրենիքը, նրանց երազած հայրենիքը։ Հավերժ փառք մեր տղաներին, և տա Աստված, որ մեր անհայտ կորած տղաներից շուտափույթ լավ լուր ստանանք»,- նշեց Գնել Սանոսյանը:
Արցախյան 44-օրյա պատերազմում Կարմիրգյուղից Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհասեղանին դրած մարտիկներ՝ Գարիկ Գափոյանին, Նարեկ Ղռոյանին և Սամվել Խաչատրյանին հետմահու Կարմիրգյուղի համայնքապետարանի կողմից շնորհվեցին պատվոգրեր: