Ընտրակաշառք տալ-վերցնելը, նաև քաղաքացու քվեի վրա ազդող յուրաքանչյուր գործողություն քրեորեն պատժելի է: ՀՔԾ-ում այս պահին ընտրակաշառքի վերաբերյալ հարուցված 7 քրեական գործ կա:
Արսեն Մարտիրոսյան (ՀՀ գլխավոր դատախազության ՀՔԾ-ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ) - Այդ գործերի շրջանակում քրեական հետապնդում է հայտարարվել թվով 14 անձանց նկատմամբ, որոնցից 8-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվել է ընտրակաշառք ստանալու համար, իսկ 6 անձի նկատմամբ ընտրակաշառք տալու համար: Ընդ որում՝ այդ 6 անձանց շարքում 2-ը համարվում են նաև կուսակցության կամ կուսակցությունների դաշինքում ընդգրկված թեկնածուներ:
14 անձից 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Դատախազությունում չեն բացառում, որ քրեական հետապնդման ենթարկված մարդկանց թիվը կարող է ավելանալ՝ այս պահին քննչական-դատավարական գործողություններ են իրականացնում:
Արսեն Մարտիրոսյան - Ընդ որում՝ այս տեսանկյունից կարևոր է այն հանգամանքը, որ կաշառք չպետք է հասկանալ միայն գումարի ձևով գումար փոխանցելը ընտրողին: Ընտրակաշառք կարող է լինել գումարը, արժեթղթերը, գույքը, գույքի նկատմամբ իրավունքը, ինչպես նաև ցանկացած այլ բնույթի առավելություն տրամադրելը:
Խստացվել է նաև պատիժը: Ընտրակաշառք ստանալու համար պատիժը մինչև 3 տարի ազատազրկումն է, ընտրակաշառք տալու համար անձը կարող է մինչև 6 տարի ճաղերի հետևում անցկացնել: Իսկ եթե կաշառք տալը կատարվել է մի խումբ անձանց կողմից, կամ կատարվել է երկու և ավելի անձանց նկատմամբ, պատիժն ավելի խիստ է՝ 7 տարի ազատազրկում: Իսկ այն մարդկանց համար, որոնք կաշառք տալու մասին հայտնում են իրավապահներին, քրեական օրենսգրքով նախատեսված է խրախուսական նորմ:
Արսեն Մարտիրոսյան - Կաշառք վերցնող անձը ազատվում է քրեական հետապնդումից, եթե մինչև կաշառքի մասին իրավապահ մարմիններին հայտնի դառնալը եռօրյա ժամկետում այդ մասին տեղեկացնում է իրավապահ մարմիններին և միաժամանակ աջակցում է հանցագործության բացահայտմանը:
Դատախազությունից կրկին հորդորում են զերծ մնալ հակաօրինական գործողություններից, ընտրական հանցանքներն այս պահին խոշորացույցի տակ են: