ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ,
մեր հայրենիքն այսօր կանգնած է ճակատագրական երկընտրանքի առջև, այն է՝ ընտրություն կատարել պետականության կայունության վերականգնման և ճգնաժամային իրավիճակի խորացման միջև: Նախընտրական քարոզարշավի ընթացքը ցույց է տալիս, որ հակամարտող, ծայրահեղական ուժերն առայժմ ընտրել են երկրորդ` ճգնաժամի խորացման ճանապարհը:
Երկրի ապագայի վերաբերյալ այս ուժերն ասելիք և անելիք չունեն: Նրանց լավատեսական խոստումներն ու գեղեցիկ ծրագրերը լոկ շղարշ են իրենց բուն մտադրությունները թաքցնելու և ժողովրդին խաբելու համար, իսկ իրական նպատակը մեկն է` ցանկացած գնով տիրել իշխանության և վրեժ լուծել հակառակորդներից՝ օգտագործելով իրենց տրամադրության տակ գտնվող վարչական, ֆինանսական, լրատվական և նույնիսկ քրեական հսկայական լծակները` չխորշելով անգամ բախումներից և քաղաքացիական պատերազմի հրահրման բացահայտ սպառնալիքներից:
Ուստի բոլորի համար էլ պետք է հասկանալի լինի, որ նրանց մոտ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցումը: Իսկ դա նշանակում է, որ այն քաղաքացիները, որոնք իրենց կամքով կամ հարկադրաբար կքվեարկեն այդ ուժերից որևէ մեկի օգտին, ըստ էության, մասնակիցը կդառնան մեր երկրի վիճակի հետագա վատթարացման: Այդ դեպքում կարող եք հարցնել, իսկ ո՞րն է ելքը: Ելքը միակն է, ձեր ձայնը տվեք Հայ Ազգային Կոնգրեսին և դրանով դուք խորհրդարանում կապահովեք մի այնպիսի սկզբունքային, իրատես քաղաքական ուժի, ծանրակշիռ ուժի ներկայացվածությունը, որն ի վիճակի կլինի զսպել հակամարտող անհաշտ ճամբարների վտանգավոր նկրտումներն ու ծայրահեղ քայլերը:
Քարոզարշավի ընթացքում մենք լիովին կատարել ենք այդ դերը և այսուհետև էլ նոր ձևավորվելիք խորհրդարանում պատրաստ ենք շարունակել այն` մեր ժողովրդին նորանոր փորձանքներից և ողբերգություններից հեռու պահելու համար: Ես հավատում եմ ձեր ողջախոհությանը և վճռական պահերին ճիշտ որոշում կայացնելու ձեր ունակությանը: Այս անգամ դուք սխալվելու իրավունք չունեք»: