Անվտանգությունն ապահովելու համար պետք է վերականգնել ներքին համերաշխությունը: «Լուսավոր Հայաստանն» այս համոզմամբ գալիս է: Պատրաստվում են ստեղծել ազգային համաձայնության և միասնության կառավարություն:
Էդմոն Մարուքյան («Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրացուցակի 1-ին համար) - Ակնհայտ է, որ այլևս որևէ ուժ Հայաստանում չի կարող համարվել ժողովրդի ամբողջական աջակցությունը ունեցող ուժ, և որևէ մեկը չի կարող համարվել ժողովրդական առաջնորդ: Հիմա բոլորը սովորական քաղաքական գործիչներ են դարձել, և էդ իմաստով 3 տարվա հեղափոխության իրողությունները այլևս չկան:
«Լուսավոր Հայաստանն» այսօր շարունակել է քարոզարշավը երևանյան բակերում: Կուսակցութան անդամները բոլորին կոչ են անում մասնակցել ընտրություններին, համախմբվել ու լուծել Հայաստանի առաջ ծառացած խնդիրները: Կուսակցության առաջնորդը չի բացառում հետընտրական ցնցումները, բայց վստահ է՝ այս ընտրությանը պետք է հաղթի ժողովուրդը:
Էդմոն Մարուքյան - Մեկն ասելու է՝ ես եմ հաղթել, մյուսն ասելու է՝ ես եմ հաղթել, բայց մեր ռազմավարության աշխատելու դեպքում դա էլ չի կարող տեղի ունենալ: Ինչո՞ւ. որովհետև չեն ունենալու այնքան աջակցություն, որ ասեն՝ ես հաղթել եմ, և հետևաբար համակերպվելու են իրենց 20% ձայների հետ, ու գալու են, կլոր սեղանի շուրջ խելոք նստեն, և ձևավաորենք ազգային համաձայնության կառավարություն:
9-րդ քվեաթերթիկի ներքո հանդես եկող քաղաքական ուժը մերժում է ատելությունը, միմյանց նկատմամբ վրեժխնդրությունը: Մարուքյանը նշում է՝ պետք է միավորվել ու բանակցությունների միջոցով թշնամուն դուրս հանել Հայաստանի պետական սահմաններից:
Էդմոն Մարուքյան - Իսկ բանակցությունների համար լավ կառավարություն է պետք ձևավորել, լավ արտգործնախարարություն, ինչն էսօր չունենք, և հունիսի 21-ից սկսել այդ ուղղությամբ աշխատել:
Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ քաղաքացիները դրական վերաբերմունք ու վստահություն ունեն իրենց առաջարկած ծրագրի նկատմամբ: Պատգամավորի թեկնածուն նշում է՝ հասարակությունը հոգնել է պառակտումներից ու գժտություններից:
Գևորգ Գորգիսյան (ԱԺ պատգամավորի թեկնածու, «Լուսավոր Հայաստան») - Ազգային համաձայնության կառավարությունը ենթադրում է, որ բոլոր ուժերից խորհրդարան անցած, այդ թվում չանցած ուժերից, մենք պիտի բոլորին համախմբենք, բոլորից ընտրենք լավագույններին պրոֆեսիոնալներին, ովքեր կարող են որևէ ոլորտ վերցնել իրենց ուսերին, բերել բարեփոխումներ, զարգացնել, տանել առաջ:
Ընտրվելու դեպքում պատրաստվում են ստեղծել փաստահավաք խումբ, որն ուսումնասիրելու է Արցախյան 2-րդ պատերազմի պատճառները: Նպատակը ձախողումներից դասեր քաղելն է:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը ամփոփելու է հունիսի 18-ին՝ համերաշխության երթով: Այն մեկնարկելու է Ազնավուրի հրապարակից:
Հեղինակ՝ Էլեն Սարգսյան