«Գնումների մասին» օրենքը մեծ խոչընդոտներ է ստեղծում Հայաստանում գիտական առաջընթացի համար: Ոլորտի ինստիտուտներն ահազանգում են՝ գիտական սարքեր, գիտանյութեր ձեռք բերելը թանկ է, շատ դեպքերում՝ գրեթե անհնար: Օրենքը պարտադրում է, որ գիտական կառույցները անհրաժեշտ միջոցները գնեն միայն միջնորդ հայկական ընկերություններից;
Արսեն Առաքելյան (Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն) - Դա բերում է գների շատ կտրուկ աճին: Օրինակ՝ եթե համեմատենք եվրոպական և հայկական գները, հայկական գները 4 անգամ թանկ են:
Օրենքի համաձայն՝ գիտական կառույցը չի կարող ուղիղ կապ հաստատել սարքեր արտադրող ընկերության հետ և միանգամից իր ուզած ապրանքը գնել առանց միջնորդի: Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում եղել են գնումներ, երբ գործընթացը տևել է ինը ամիս: Այդ ընթացքում նախատեսված գիտափորձերը չեն կատարվել, սպասելի արդյունքի չեն հասել; Լինում են դեպքեր, երբ միջնորդ ընկերության գինը ավելին է, քան սարքի իրական արժեքը:
Արսեն Առաքելյան - Պատկերացրեք՝ դա ինչ ծանրաբեռնվածություն է առաջացնում բյուջեի վրա, որովհետև փաստացի ապրանքը ձեռք ենք բերում շատ ավելի թանկ, քան արժեր, և ինչքանով է երկարացնում հետազոտությունների ընթացքը:
Գիտական խմբերը հետազոտությունների համար պետք է ունենան գիտական սարքեր, նյութեր: Տվյալ միջոցի համար պետք է մրցույթ հայտարարել, իսկ միջնորդ կազմակերպությունները լրացուցիչ միջոցներ են պահանջում, դա բեռ է գիտական հաստատությունների համար:
Գևորգ Քառյան (ԱԱԳԼ հիմնադրամի փոխտնօրեն) - Նախ և առաջ՝ այդ կազմակերպությունները, որոնք աշխատում են ԱԱՀ դաշտում, նրանք լրացուցիչ ֆինանսական բեռ են ավելացնում, նյութի, սարքի ձեռքբերման ընթացքում, երկրորդը տվյալ կազմակերպության շահույթն է, երրորդը՝ եթե այդ սարքը առկա չէ տեղական շուկայում, դրանք ներմուծվում են դրսից, և մաքսավճարներ են առաջանում:
Սահմանին ևս մաքսավճարները լրացուցիչ բեռ են: Հնարավոր է դիմել Կառավարություն, ստանալ որոշում, որպեսզի տվյալ սարքը կոնկրետ դեպքում ազատվի մաքսավճարից: Ժամանակային իմաստով դա հնարավոր չէ, և ոչ բոլոր դեպքերում են դիմումները բավարարվում։
Գևորգ Քառյան - Եթե նույնիսկ հետազոտական խումբը հաջողում է տվյալ դրամաշնորհային ծրագրում, ապա կոնկրետ նախատեսված ձեռք բերելու սարքի գումարը, որպես կանոն, միջինում ավելանում է 35-40 տոկոսով:
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում վերջին ձեռք բերած սարքը մանրադիտակն է: Մոտ կես տարի է տևել: Տնօրենի համար անհասկանալի է՝ ինչու գիտական հաստատությունները հնարավորություն չունեն որոշելու՝ ինչ մոդելի և ինչ հզորությամբ սարք գնել;
Արսեն Առաքելյան - գիտության արդյունավետությունը այս պահին նվազել է օրենսդրական դաշտի բազմաթիվ թերացումների պատճառով, և այն գումարները, որոնք տրամադրվում են գիտությանը, նույն օրենսդրական թերությունների պատճառով ծախսվում են ոչ արդյունավետ:
Գնումների մասին օրենքում անհասկանալի կետերը շատ են, կան սարքեր, որ աշխարհում արտադրում է միայն մեկ ընկերություն, և ուղիղ գնում չեն կատարում: Օրինակ՝ 1000 դոլարանոց սարքի արժեքը միջնորդավորված գնելու դեպքում հասնում է մինչև 5000 դոլարի:
Գևորգ Քառյան - Սա խոչընդոտ է. մի կողմից մենք լուրջ ֆինանսական լրացուցիչ բեռ ունենք, և մյուս կողմից, ինչը շատ ավելի վատ է, երբեմն այդ մրցույթները պարզապես չեն կայանում մասնակիցներ չլինելու պատճառով, չենք կարողանում ուղիղ գնման միջոցով ձեռք բերել արտադրողից:
Գիտական ինստիտուտները կարծում են, որ պետք է մշակել մի հայեցակարգ, որով կսահմանվի՝ ինչ է գիտասարքը և գիտանյութը: Կնախանշվեն պայմաններ, որ այդ սարքերը բացառապես փորձերի համար են, որևէ շահույթ չեն հետապնդում: Այդ դեպքում կարիք չի լինի դիմել Կառավարությանը, և սարքերը սահմանին կազատվեն մաքսավճարներից: