«Հայաստան» դաշինքն այսօր Գավառ քաղաքում էր: Բնակիչների հետ հանդիպման ընթացքում դաշինքի անդամներն անդրադարձան երկրում ստեղծված իրավիճակին: Դաշինքի ընտրացուցակի 2-րդ համար Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ ժողովրդի դիմադրողականությունը թուլացրել են՝ երկիրը հասցնելով աղետալի պատերազմի:
Դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանն անդրադառնալով իշխանության այսօրվա հանրահավաքին՝ նշեց՝ փորձում են ցույց տալ, թե իրենք դեռ վայելում են ժողովրդի համակրանքը:
«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ իշխանությունն ստեղծել է անվտանգային խնդիրներ ու տնտեսական ճգնաժամ, որի հետևանքն է գործազրկություն, արտագաղթ, աղքատության շեշտակի աճ: Առկա խնդիրների լուծման համար նա առաջարկեց ընտրել իրենց թիմին:
Դաշինքի անդամները տեղեկացրին նաև վաղը Երևանում կայանալիք հանրահավաքի մասին՝ այն որակելով ամենասպասված քաղաքական իրադարձություն: