Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի նախագահների ժնևյան հանդիպումն առաջին ռուս-ամերիկյան երկխոսությունն էր 2018-ից հետո և որպես պետությունների ղեկավարներ՝ առաջին դեմառդեմ հանդիպումը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
Գործակալությունն ամփոփել է երկու գերտերությունների ղեկավարների հանդիպման արդյունքները: Փաստը, որ երկու երկրների ղեկավարները, այնուամենայնիվ, նստել են բանակցային սեղանի շուրջ, ինքնին՝ դրական նշան է: Ընդ որում՝ ոչ միայն ԱՄՆ-ի ու Ռուսաստանի, այլև՝ ամբողջ աշխարհի համար:
Երկու երկրների ղեկավարների հայտարարությունների մեջ ասվում է, որ կողմերը մտադիր են կյանքի կոչել ռազմավարական կայունության վերաբերյալ երկկողմ համալիր երկխոսություն: Նշվում է, որ երկխոսությունը համաշխարհային սպառազինության վերահսկողության և ռիսկերի նվազման հիմք դնելու նպատակ ունի:
Վլադիմիր Պուտինի խոսքով՝ մոտ ժամանակում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մտադիր են կիբեռանվտանգության, բանտարկյալների փոխանակման և սպառազինության վերահսկողության թեմաներով խորհրդակցություններ սկսել:
Երկու երկրների ղեկավարները հանդիպումը կառուցողական են գնահատել: Պուտինն ամերիկացի պաշտոնակցին անվանել է հավասարակշռված և փորձառու մարդ:
ՌԴ-ը և ԱՄՆ-ը իրենց դեսպաններին վերադարձնում են իրենց առաքելությունների վայր: Հիշեցնենք, որ մարտին դեսպանների փոխադարձ հետկանչը ռուս-ամերիկյան հարաբերությունների ամենացածր աստիճանն էր:
Բայդեն-Պուտին հանդիպումը տվել է նաև բացասական արդյունքներ: Գագաթնաժողովի ժամանակ երկու երկրների նախագահների միջև ոչ մի բեկումնային պայմանավորվածություն չի եղել: Տարաձայնություններ են եղել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի և ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի գործերին: