Երկիրը համակարգային ճգնաժամի մեջ է՝ պնդում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և վստահեցնում՝ իրենք այդ ամենը կարող են հաղթահարել:
Հայ և ռուս զինվորների գործակցություն, պրոֆեսիոնալ բանակի ստեղծում, պայմանագրային զինծառայողներին ոչ թե 150 հազար, այլ 500 հազարից մինչև 1 միլիոն դրամ աշխատավարձ է խոստանում կուսակցության առաջին համար Գագիկ Ծառուկյանը:
Վարկառուների մասին. 100 հազարից 3 միլիոն դրամ վարկերը ներելու, երկրի բյուջեն 1 միլիարդ դոլարով ավելացնելու, դրանից 100 միլիոնը թոշակներին ուղղելու խոստումներից բացի Գագիկ Ծառուկյանը բողոքում է, որ իրեն հնարավորություն չի տրվել գործել ու Հայաստան ներդրումներ բերել:
Երիտասարդ ընտանիքների համար էլ նախընտրական խոստումներ կան: Ծառուկյանն առաջարկում է բնակարանաշինության նոր ծրագրեր սկսել:
Ուսանողներին ուսման վարձն այլընտրանքային տարբերակով վճարելու ծրագիր էլ կառաջարկեն, եթե խորհրդարանում մեծամասնություն կազմեն:
Ազատության հրապարակում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ավարտում է նախընտրական քարոզարշավի նախավերջին օրը՝ հայրենիքի անվտանգությունն ապահովելու, բոլոր միավորված նախարարություններն առանձնացնելու ծրագրերի խոստումներով: