Ավիացիան Ապարանի սարերն է բարձրացել անտառները փրկելու։ Ոսկետուտ անունով որդն այս կողմերում համատարած խժռում է կաղնուտը։ Տեսնելու բան չէ, ինչքան ժամանակ է՝ սիրտը չի տալիս մարգագետինն անցնի, ծառերին մոտենա՝ ասում է Լուսագյուղի անտառապահը։
Վախթանգ Արամյան (Լուսագյուղի անտառապահ) - Էս ներքևի կողմն էր, մի տասն օրվա մեջ ամբողջ անտառը վարակվեց: Անտանելի վիճակ է:
Թրթուրն այն տեմպով է բազմացել՝ ծտերն էլ չեն հասցնում ուտել։ Պայքարի միակ տարբերակն այժմ վնասատուին թունաքիմիակատով ոչնչացնելն է. կաղնիների տերևը նորից կանաչած տեսնելու հույսը չեն կորցնում Արագածոտնի անտառտնտեսության մասնագետները։ Անհանգստացած են՝ որդն արևկող տարածքներում կշտանալուց հետո չտեղափոխվի ստվերոտ կողմերը։
Վարդգես Սարգսյան (Արագածոտնի անտառտնտեսության կուլտուրաների ինժեներ) - Որ նայում ենք՝ դիմացը կանաչ վիճակ է արդեն, իսկ էս մասում՝ գունաթափված է, էնքան մասսայաբար կերել են:
Տերևակեր վնասատուով ու սնկային հիվանդությամբ վարակված է Արագածոտնի ու Կոտայքի 11,5 հազար հա-ից ավելի տարածք՝ գարնան անտառպաթոլոգիական ուսումնասիրությամբ արձանագրել են Շրջակա միջավայրի նախարարությունում, անտառային կոմիտեին բյուջեից գումար հատկացրել՝ խնդրահարույց գոտիները ավիացիայով քիմիական մշակման ենթարկելու համար։ ՊՆ-ի աջակցությամբ ուղղաթիռը տեղում է։ Անտառային սրսկումների համար անհրաժեշտ դեղերը՝ նույնպես:
Ջուրը հարակից առվակից պոմպով լցրին ուղղաթիռի բաքերն ու խառնեցին բուժանյութը։ Վերջ․ թիմը պատրաստ է հերթական թռիչքին։
Ամեն օդ բարձրանալիս ՄԻ-8-ը 1 800 լիտր բուժիչ լուծույթ է բարձրացնում՝ 8-15 րոպե տևողությամբ չվերթի ընթացքում ցողելու հերթական 60 հա տարածքը։ Այդպես վաղ առավոտից մինչև երեկո, քանի սարերի քամին խաղաղ է։ «Հայանտառից» տեղում աշխատանքը կազմակերպող Տարոն Մանուկյանն ասում է՝ ստեղծված իրավիճակում բնապահպանների բախտը բերեց, որ ավիացիոն սրսկման համար ֆինանսավորում ունեին առանձնացված։ Վերջին տարիներին սա առաջին դեպքն է։
Տարոն Մանուկյան («Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառների վերականգնման, անտառապատման և պաշտպանության բաժնի պետ) - Ավիապայքարի աշխատանք վերջին անգամ կատարվել է 18 թվականի Կապանի անտառտնտեսությունում. այնտեղ մեծ խնդիրներ կան:
Հիմա՝ երկուշաբթիից, Արագածոտնում են․ սկսել են Բյուրականի անտառներից, անցել Երնջատափի սարերին, վնասատուների դեմ պայքարի միջոցներով մշակել Արա լեռան շրջակայքը։ Առաջիկա օրերին ուղղաթիռը բուժիչ նյութերով կցողի արդեն Կոտայքի անտառները։ Բավական է վերևից թափվող նյութը հասնի ոսկետուտին՝ տեղում սատկում է:
Տարոն Մանուկյան («Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառների վերականգնման, անտառապատման և պաշտպանության բաժնի պետ) - Բուժում երբ որ կատարվում է ուղղաթիռից՝ 2-3 ժամ հետո վնասատուի ոչնչացումը երևում է:
Որդի ոչնչանալուց հետո կաղնին կարողանում է կես ամսում նոր տերև բացել, այնպես որ հուլիսից այս անտառները նորից կկանաչեն՝ տեղեկացնում են բնապահպանները։ Սրսկվող գոտիներում ապրող բնակչությանը զգուշացնում՝ չնայած դեղն այնպես են ընտրել, որ նույնիսկ գերզգայուն մեղուներին շատ վնաս չպատճառի, ուղղաթիռի ցողած տարածքներից սունկ, հատապտուղ հավաքելը կամ կովերին արոտի տանելը խստիվ արգելվում է 25 օր։