Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր առցանց այց է կատարել Բեռլինի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն. այցն ուղիղ եթերով հեռարձակվել է Գերմանիայի կանցլերի պաշտոնական կայքում:
Առցանց շրջագայությունը «Թվային կրթության նախաձեռնության» մաս է կազմում: Նախաձեռնությունը համատեղ կյանքի են կոչել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Կրթության նախարար Անյա Կառլիչեկը:
«Թվային կրթության նախաձեռնությունը» նպատակ ունի բարելավելու թվային ուսուցումը և վերապատրաստումը կրթության բոլոր փուլերում։
Թումո կենտրոնը Բեռլինում իր դռներն է բացել 2020-ի աշնանը: 2018-ին Հայաստան կատարած այցի շրջանակում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այցելել էր նաև Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ էլ հիմք էր դրվել հետագա համագործակցության։