Արդյունավետությամբ աչքի ընկած գիտաշխատողներն այս տարի կրկին հավելավճար կստանան: Գիտության կոմիտեն ամփոփել է հայտարարած մրցույթի արդյունքը: 382 հայտատուներից առավել արդյունավետ են համարել 154-ին: Անցողիկ շեմը հաղթահարած մինչև 35 տարեկան գիտաշխատողները 1 տարվա ընթացքում ամսական կստանան 75 000 դրամ, մինչև 45 տարեկանների համար սահմանվել է 100 000 դրամ, երրորդ շեմի համար տարիքային սահմանափակում չկա. հավելավճարի չափն էլ կազմում է ամսական 135 000 դրամ:
Արթուր Մովսիսյան (ՀՀ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ) - Նպատակը եղել է առավել ակտիվ աշխատող արդյունավետ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրում, գաղտնիք չէ, որ ցածր է աշխատավարձը:
Գիտության կոմիտեի փորձաքննության բաժինը գնահատել է գիտնականների վերջին 5 տարվա գիտական արդյունքը՝ տպագրած հոդվածները, գրքերը, մենագրությունները, ստացած դրամաշնորհները, գիտաժողովներին մասնակցությունն ու ասպիրանտների ղեկավարումը: Այս տարի մրցույթի կարգում փոփոխություն էին արել: Նախ միավորել էին 2 տարիքային շեմերի մրցույթը, գնահատականներն էլ հրապարակայնացրել. մրցույթին մասնակցած գիտնականներին բողոքարկման հնարավորություն տվել:
Հայկ Սարգսյան (Հայ-ռուսական համալսարանի ինժեներատեխնիկական ինստիտուտի տնօրեն) - Քանի անգամ եղել է մրցույթը, միշտ եղել եմ շահառու, բոլոր կոնկուրսներին հաղթել եմ:
Հայ-ռուսական համալսարանի ինժեներատեխնիկական ինստիտուտի տնօրենը մրցույթի վերետաններից է: 7 տարի անընդմեջ ներառվում է արդյունավետ գիտնականների ցուցակում:
Հայկ Սարգսյան - Պատահական մարդ այդ ցուցակում երբեք չի եղել:
Ֆիզիկոսը հեղինակավոր ամսագրերում տարեկան միջինում 3-4 հոդված է տպագրում: Մինչև քովիդը ակտիվ է եղել նաև գործուղումների առումով: Աշխատել ու գործակցել է Ճապոնիայի, Միացյալ Նահանգների, Իսլանդիայի, Իտալիայի գիտական կենտրոնների հետ: Ինժեներատեխնիկական ինստիտուտում էլ հետազոտում են արհեստական ատոմների ֆիզիկական hատկությունները:
Նման մրցույթներն ու խրախուսական հավելավճարները գիտական համայնքում սպասված են՝ ասում է գիտնականը: Արած աշխատանքի գնահատականը ստիպում է նոր գիտական արդյունք ստեղծել ու ավելի ակտիվ աշխատել:
Հայկ Սարգսյան - Ստիմուլ է լավ աշխատելու համար: Երբ քո առջև այդ խնդիրը կա, դա և՛ ոգևորում է, և՛ պարտավորեցնում:
Հաջորդ տարվանից գիտնականներն առավել ակտիվ աշխատելու ևս մեկ պատճառ կունենան: Կառավարության որոշմամբ՝ գիտնականների բազային աշխատավարձը մետ 2 անգամ կավելանա: Սա հաշվի առնելով՝ Գիտության կոմիտեում մտադիր են հաջորդ տարի մրցույթի կարգը վերանայել: