Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները Հայաստանի համար լավ հնարավորություն են՝ փոխելու աշխարհաքաղաքական ուղղությունը: Կարծիքը Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանինն է։
Հայկ Մարտիրոսյան (ԱԺԲ խորհրդի անդամ) - Հայաստանին չի մնացել որևէ այլ այլընտրանք, քան 30 տարի մեկ վեկտորի հետևելու արդյունքում կործանվելուց հետո, և դեռ ավելի ենք կործանվելու, եթե ամեն ինչ չփոխենք՝ ընտրելով արևմտյան վեկտորը։
Պետք է փոխել դաշնակիցներին ու ձեռք բերել դաշնակիցներ, որոնք չեն դավաճանի՝ ասում է ԱԺԲ խորհրդի անդամը։ Մասնավորապես, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան կարող են լինել մեր նոր դաշնակիցները՝ վստահ է Հայկ Մարտիրոսյանը։
Հայկ Մարտիրոսյան - Արևմուտքը մշտապես ուժեղացնում է իր դաշնակիցներին՝ համարելով, որ դրանով ուժեղանում է իր քաղաքական ազդեցությունը տարածաշրջանում, մեծ ներդրումներ է կատարում տնտեսությունների մեջ, չի արգելում զուգահեռ այլ դաշնակցություններ, իհարկե, որոնք թշնամական դաշնակցություններ չեն իրեն։
Առավել քան երբևէ, Արևմուտքին ձեռնտու է գործակցել Հայաստանի հետ՝ ասում է ԱԺԲ խորհրդի անդամը։ Հայաստանի հետ դաշնակցելը Արևմուտքին անհրաժեշտ է տարածաշրջանում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը զսպելու համար։
Հայկ Մարտիրոսյան - Թուրքիան Միացյալ Նահանգների դաշնակիցը չէ այլևս և Եվրոպայի դաշնակիցը չէ, թեև անվանական շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Այդ ամենը զսպելու համար Հայաստանը ամենակարևոր դերը կարող է խաղալ Արևմուտքի համար։
Քարոզարշավը լարված, հոգնեցուցիչ, սակայն արդյունավետ է եղել ԱԺԲ-ի համար՝ ասում են կուսակցության անդամները։ Վահրամ Մարտիրոսյանը վստահ է՝ իրենք կարողացել են համոզել մարդկանց, որ բացի անվտանգային հարցերից, Արևմուտքի հետ դաշնակցելով, բոլոր երկրները տնտեսապես ևս զարգանում են։
Վահրամ Մարտիրոսյան (ԱԺԲ խորհրդի անդամ) - Մենք պետք է լինենք լավ շրջապատում, որ զարգանանք, չենք կարող լինել ԵԱՏՄ-ի այդ վատ շրջապատում, նաև այդ շրջապատում բերենք երկու վատ տղաների՝ հանձինս Ադրբեջանի և Թուրքիայի, և մենք զարգանանք։ Սա հետադիմություն է։ Տեսեք՝ տեխնոլոգիական տերությունները բոլորը Արևմուտքում են, մենք նրանց հետ պետք է լինենք ընկերներ, որպեսզի տեխնոլոգիապես զարգանանք։
ԱԺԲ անդամները վստահ են՝ եթե Հայաստանը լիներ արևմտյան երկրների դաշնակիցը, նրանք լուրջ ռազմական աջակցություն կցուցաբերեին պատերազմի ընթացքում: