Քարոզարշավը երկու քաղաքական ուժերի միջև բևեռացված չէ՝ ընդգծում են «Վերելք» կուսակցության պատգամավորի թեկնածուները և նշում՝ նախկիններից և ներկաներից բացի՝ կան ուժեր, որոնք երկրի զարգացման նոր օրակարգ են թելադրում։ Իրենք, օրինակ, առաջարկում են ապաշրջափակման գործընթացից օգուտներ քաղել:
ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Տիգրան Գրիգորյան («Վերելք» կուսակցություն) - Հայաստանը դուրս է եկել, համաշխարհային տնտեսության խաչին ենք բարձրացել։ Հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք տնտեսական՝ չակերտավոր կոնֆլիկտային կետն ենք դարձել, որը պետք է դարձնել ոչ թե կոնֆլիկտի կետ, այլ պետք է դարձնել շահերի միացման կետ։
Նախ պետք է առաջնորդվել Հայաստանի շահով, ոչ թե թշնամու կամ գերտերությունների՝ ընդգծում են պատգամավորի թեկնածուները և ավելացնում՝ անհրաժեշտ է խոսել ուժեղի դիրքից և առաջնորդվել ամրոց-պետություն ստեղծելու գաղափարով։ Ռուսաստանի կամ արևմուտքի վրա միայն սևեռվել չեն պատրաստվում, գործակցության լայն հնարավորություններ են տեսնում Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի հետ։
Տիգրան Գրիգորյան - Ամեն ինչից պետք է մեր շահը տեսնենք, մեր պետականության ուժեղացման հնարավորությունը տեսնենք։ Ոչ թե տեսնենք, թե ում թևի տակ կարող ենք տեղավորվել։ Հիշեք՝ թևի տակ տեղավորվողների պարանոցից վատ հոտ է գալիս։ Պետք չէ որևէ մեկ մոտ տեղավորվել, պետք է ձիգ տեղը կանգնել և ռազմավարություն մշակել։
Հզորի հետ հաշվի են նստում՝ ասում է Տիգրան Գրիգորյանը։ Կուսակցության պատգամավորի թեկնածու Արսինե Աղաջանյանն էլ վստահ է՝ իրենց ասելիքը ժողովրդին կարողացան հասցնել, սակայն վատն այն է, որ մարդիկ չեն կարողանում կողմնորոշվել ու չեն հավատում, թե ընտրություններից հետո երկրում փոփոխություններ կլինեն:
ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Արսինե Աղաջանյան («Վերելք» կուսակցություն) - Ես ինքս որպես քաղաքացի, որպես քաղաքական գործիչ, պատգամավորի թեկնածու՝ կոչ եմ անում բոլորին դուրս գալ այդ ապատիկ վիճակից, գնանք քվեարկենք, դե, իհարկե, ամսի 20, համար 20-ին։ Մենք վստահորեն կարող եմ ասել՝ այն ուժն ենք, որ տեսնում ենք բոլոր խնդիրների լուծումը։
Պատգամավորի թեկնածուն վստահեցնում է՝ «Վերելքը» որպես ռազմաքաղաքական ուժ, համախմբված զինվորականներով ու գիտնականներով, հուսախաբ չի անելու։