«Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» 10-րդ միջազգային սեմինարի մասնակիցները ամփոփում են վերջին աշխատանքային օրը։ ԱՊՀ երկրներից, Եվրոպայից և Վրաստանից թանգարանային գործի մասնագետներ՝ ֆոնդապահներ, վերականգնողներ, գրադարանավարներ և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ ակտիվ քննարկում են ոլորտի զարգացման նոր հեռնակարներն ու հնարավորությունները: Երևանյան սեմինարի ընթացքում հնչում են հետքովիդյան շրջանի նոր միտումների արձանագրումները:
Ալեքսանդր Սուշա (Բելառուսի Ազգային գրադարանի փոխտնօրեն) - Գլխավոր միտումը ոլորտի վիրտուալացումն է, նախաձեռնությունների մեծ մասն անցնում է վիրտուալ տարածք: Միտումներից մեկն էլ նորագույն տեխնոլոգիաների գործածումն է ժառանգության պահպանության ոլորտում. լազերային տեխնոլոգիաներ, քիմիական միջոցների նորագույն մշակումներ և էլի շատ նորույթներ, որոնց մասին տեղեկատվությամբ հագեցած է սեմինարը:
Սեմինարի փորձագետները մշակութային ժառանգության պահպանման, վերականգնման և թվային պատճենների ստեղծման բազմամյա փորձառությամբ կիսվում են գործընկերների հետ՝ քննարկում ստեղծարար մոտեցումները տեխնոլոգիական նորամուծություններին համադրելու հնարավարություները:
Լեոնիդ Բորոդկին (Մոսկվայի պետական համալսարան, արխիվագետ) - Ինձ թվում է սեմինարի ձևաչափը խիստ արդյունավետ է, իսկ փորձի կենդանի փոխանակումը տարբեր երկրների գեթե 30-ամյա փորձի ուսումնասիրության հնարավորություն է ընձեռում: Հատկապես հետաքրքիր է մեխանիկական վնասվածքներ ունեցող հնագույն տեքստերի հետ լազերային տեխնոլոգիաների օգտագործումը և պատմական հուշարձանների 3D մոդելավորումը:
Մշակութային հսկայածավալ ժառանգության պահպանության մեր ավանդույթների, ոլորտի խնդիրների և հնարավորությունների անհամաչափության պայմաններում պահպանության ներուժ զարգացնելու գործում առանձնահատուկ կարևոր է սեմինարի շնորհիվ ձեռք բերած փորձաոությունը:
Իսկ «Հիշողության կերպարանքներ» սեմինարի փոքրիկ 10-ամյա հոբելյանն ըստ մասնակիցների, ինքնին նրա պահանջվածության ու արդյունավետության վկայությունն է. 10 տարվա ստեղծարար աշխատանք՝ քաղաքակրթական ժառանգությունն ու տեխնիկական առաջընթացը համադրելու ուղղությամբ: