Նոր տեսքով ու նոր ծառայություններով. Երևանում բացվել են վերաբրենդավորված «Հայփոստի» առաջին մասնաճյուղերը: Բոլորը շուտով այս տեսքը կունենան:
Հայկ Կարապետյան, «Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն - «Հայփոստը» միայն փոստ չէ, մեծ, կառուցվող հոլդինգ է: Աշխատելու ենք 5-6 շուկայում՝ փոստային, լոգիստիկ, ֆինանսական, գույքային, դեղորայքի առաքման: Այս ֆորմատը, հուսով եմ, բոլորին դուր կգա, և մեր հաճախորդները կստանան բարձր մակարդակի սերվիս:
«Հայփոստում» վստահ են՝ հաճախորդներն իրենց ավելի հարմարավետ են զգալու, սպասարկումն անհամեմատ արագ է կազմակերպվելու:
Կարեն Մկրտումյան, փոստային բաժանմունքների ցանցի տնօրեն - Ծառայություններում ներկայացված է էլեկտրոնային հերթերի կարգավորման համակարգը, հաճախորդների համար ներդնում են Wi Fi բաց զոնաներ, ունենք հանդերձարան, որը նախատեսված է «Ի կոմերս» ծառայությունից օգտվող հաճախորդների համար, որոնք կարող են տեղում փորձարկել, ինչպես նաև էլեկտրոնային սարքերը կարելի է տեղում փորձարկել:
Որպես Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր՝ «Հայփոստը» նպատակ ունի ժամանակակից փոստային, լոգիստիկ, ֆինանսական, պետական ծառայությունների մատուցման միասնական հարթակ դառնալ նաև տարածաշրջանում:
Կարեն Մկրտումյան - Այս ամենն արվում է հանուն հաճախորդի. փորձում ենք սպասարկումը մատուցել մատչելի, որպեսզի յուրաքանչյուր հաճախորդին հարմար լինի:
Մասնաճյուղերում կվաճառվեն նաև հեռախոսներ և աքսեսուարներ: Երևանի շուրջ 90 բաժանմունք մինչև տարեվերջ կվերաբրենդավորվի և կվերազինվի նորագույն տեխնոլոգիաներով: