Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացվել է հրամանատարաշտաբային ուսումնավարժություն՝ «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումն ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով: Նիստն անցկացրել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը:
Ուսումնավարժությանը մասնակցել են ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարարական ծառայության փոխգնդապետ Արմեն Գասպարյանը, մարզի արտակարգ իրավիճակների և տարահանման հանձնաժողովների, մարզային ծառայությունների, Հայկական կարմիր խաչի ընկերության Վայոց ձորի մարզային մասնաճյուղի և Եղեգնաձոր համայնքի ներկայացուցիչներ:
Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի տարածքում իրականացվել են հետևյալ գործնական միջոցառումները`
հրդեհաշիջման աշխատանքների իրականացում, որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում կիսաքանդ շենքում, շենքի երկրորդ հարկից տուժածների դուրս բերում, բուժկետի ծավալում, փլատակների տակից դուրս բերված տուժածներին առաջին օգնության ցուցաբերում և տեղափոխում բուժհաստատություն:
Իրականացված միջոցառումների վերաբերյալ կատարվել է վերլուծություն, որով էլ ավարտվել է գործնական միջոցառումների պլանը:
Ուսումնավարժանքն իրականացվել է համաձայն Վայոց ձորի մարզպետի 2020 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 116 որոշմամբ հաստատված «ՀՀ Վայոց ձորի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2021 թ. հիմնական միջոցառումների» պլանի: