Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը հերքել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե այժմ անհայտ կորած համարվող զինծառայողների թիվը 1064 է: Ըստ Ավետիքյանի՝ այդ թիվը վերաբերում է Հիմնադրամի «Կամուրջ» ծրագրով ֆինանսական աջակցություն ստացած այն ընտանիքներին, որոնց զինծառայողները ինչ-որ պահի համարվել են անհայտ կորած, կամ նրանց գտնվելու վայրի վերաբերյալ ստույգ տեղեկություն առկա չի եղել:
Վարուժան Ավետիքյան (Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն) - Այդ թիվը ամեն շաբաթ նվազել ու նվազում է, քանզի բազմաթիվ հերոսների մասունքներ նույնականացվել ու հուղարկավորվել են, իսկ որոշ զինծառայողներ, բարեբախտաբար, նույնիսկ հայտնաբերվել են:
«Կամուրջ» ֆինանսավորման ծրագիրը մեկնարկել էր պատերազմից հետո: Այն ենթադրում է դրամական հատկացում այն ընտանիքներին, որոնց զինվորները պատերազմի հետևանքով համարվել են անհայտ բացակայող կամ ծանր վիրավորում են ստացել:
Թեմային երրորդ նախագահն անդրադարձել էր նախօրեին՝ հայտարարելով, որ իշխանությունները թաքցնում են անհայտ կորածների իրական թիվը: Սարգսյանը հրապարակել էր ապրիլի մի փաստաթուղթ, որով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը զեկուցել է Կառավարությանը 1064 անհայտ կորած զինծառայողի մասին:
Սերժ Սարգսյան (ՀՀ երրորդ նախագահ) - 8 ամիս է անցել ռազմական գործողությունների ավարտից, իսկ մենք տեղյակ չենք իրական թվերից: Դա մեծ հանցագործություն է:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենի պաշտոնից հրաժարված, բայց մինչև մրցույթի անցկացումն այդ պարտականությունները կատարել շարունակող Վարուժան Ավետիքյանը նշել է, որ Սարգսյանի հրապարակած փաստաթուղթը գաղտնի չէ: 2017 թվականին հիմնադրամի տնօրեն դարձած Ավետիքյանն այս տարվա ապրիլին հրաժարականի դիմում էր ներկայացրել, նշելով՝ որոշումը պայմանավորված է հիմնադրամի առջև ծառացած նոր մարտահրավերներով:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էլ հերքել է տեղեկությունը, թե անհայտ կորածների թիվը չի համապատասխանում իրականությանը։ Հավելել, որ անհայտ կորած զինծառայողների վերաբերյալ տվյալները հրապարակված են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքում։
Հետևաբար, փաստաթուղթը հանրամատչելի է և որևէ գաղտնիություն չի պարունակում։ Այս պահի դրությամբ զինծառայողների հարազատները սկսել են ստանալ 300 հազար դրամ աջակցություն՝ մինչև վերջնական շահառու դառնալը: Այնուհետև՝ աճյունների գտնվելուց և նույնականացվելուց հետո, շահառուները ստացել են զոհված անձի համար նախատեսված աջակցությունը, իսկ մյուսների վերջնական շահառու դառնալու հարցը կորոշվի սահմանված կարգով։ Ըստ պաշտոնական տվյալի՝ ծրագրի մեկնարկից մինչ օրս գտնվել և նույնականացվել է 700 աճյուն։