ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԼՂ թեմային՝ պատասխանելով Հանրային հեռուստաընկերության լրագրող Մերի Եգորյանի հարցերին:
Առաջին հարցը վերաբերում է ադրբեջանական զորքերի՝ ՀՀ տարածք ներխուժմանը, և օրերս ՌԴ զինված ուժերի ներկայացուցիչների՝ Գեղարքունիքի և Սյունիքի մարզ այցելությանն ու այն տարածքների ուսումնասիրությանը, որտեղ կարող են տեղակայվել ռուս սահմանապահները կողմերի զորքերի հավանական նահանջի դեպքում:
Մարիա Զախարովան մասնավորապես պատասխանել է.
«Մենք արդեն նշել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի պատճառը միջազգային իրավական ձևակերպման բացակայությունն է, որը բխում է կողմերի միջև փոխվստահության պակասից: Ռուսաստանը շարունակում է ակտիվ միջնորդական աջակցություն ցուցաբերել, որն ուղղված է լարվածության թուլացմանը: Ե՛վ Երևանի և՛ Բաքվի հետ սերտ համակարգում է իրականացվում արտգործնախարարությունների, պաշտպանության նախարարությունների, սահմանապահ ծառայությունների գծով: Վերջին շաբաթվա ընթացքում հաջողվել է նվազեցնել լարվածությունը: Սահմանային վեճի համապատասխանաբար խորհրդակցությունները կշարունակվեն: Որպես խնդրի կայուն եւ երկարաժամկետ լուծում` տեսնում ենք երկու երկրների միջեւ սահմանների սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ: Այս հարցում մենք հաստատում ենք այս գործընթացում մեր ակտիվ աջակցությունը»,- հայտարարել է Մարիա Զախարովան: