«Հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներն այցելել են Շուշի և, Ադրբեջանի զորքերի՝ ՀՀ տարածք ներխուժման ու հայ ռազմագերիներին վերադարձնելու պարտավորությունների կատարումը խախտելու ֆոնին, ռուսական կողմը չի՞ կարծում, որ նման այցերի կազմակերպումը արցախցիների վրա հոգեբանական ճնշման դրսևորում է և սադրանք՝ տարածաշրջանում փխրուն խաղաղության հաստատման դեմ»,- Մարիա Զախարովային հարց է ուղղել «Լուրեր»-ի թղթակից Մերի Եգորյանը: ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը պատասխանել է.
«Չենք կարծում՝ ճիշտ է կոնկրետ Լեռնային Ղարաբաղի թեման խառնել Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների հետ, կամ երրորդ պետության հետ Հայաստանի հարաբերությունների հետ: Այս սկզբունքով էլ դիտարկում ենք թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի շփումները: Ելնում ենք նրանից, որ տարածաշրջանում երկկողմ կապերը, ինչպես նաև ռազմական ոլորտում, չպետք է կառուցվեն ընդդեմ մյուս պետությունների: Ցանկացած կերպով աջակցում ենք բոլոր այն քայլերին, որոնք ուղղված են Բաքու-Երևան, Երևան-Անկարա երկխոսությունների կարգավորմանը: Հարավային Կովկասում փոխգործակցությունը պետք է զարգանա բարիդրացիական սկզբունքով՝ հաշվի առնելով տարածաշրջանի պետությունների շահերը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: