Բարեփոխումների հարցում Ուկրաինան «պետք է ավելին անի» ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, Defense News-ը հաղորդում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքը ռազմական դիտորդների հետ հանդիպմանը:
Նա հիշեցրել է, որ Ուկրաինան դաշինքին անդամակցելու թեկնածու երկիր է, բայց դրա համար Կիևը դեռ շատ է աշխատելու, հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի հարցում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը միաժամանակ նշել է, որ դաշինքին անդամակցության համար գործողությունների ծրագիրը տրամադրվում է կազմակերպության բոլոր 30 անդամ երկրի համաձայնության դեպքում: «Բայց Ուկրաինային այդ ծրագիրը տրամադրելը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեման չէր»,- եզրափակել է Ստոլտենբերգը:
Հյուսիսատլանտյան դաշինքի առաջնորդները երկուշաբթի Բրյուսելում կայացած գագաթնաժողովում պաշտպանել են Ուկրաինայի և Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու իրավունքը, սակայն, ռազմական բլոկի ներկայացուցիչները հայտարարել են բարեփոխումները շարունակելու անհրաժեշտության մասին և չեն նշել կազմակերպությանն այդ երկրների հնարավոր անդամակցության ժամկետները:
Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Կիևն ակնկալում է ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագիրը ստանալ 2022 թվականին: