Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «ԵրազԱրտ» ամառային երաժշտական դպրոցի հաշվետու համերգն է: Ամենամյա երաժշտական ամառային դասընթացի վարպետության դասերն այս անգամ անցկացվել են պղնձյա և փայտյա փողային երաժշտական գործիքներ նվագող տաղանդավոր երաժիշտների համար: 16-ամյա պատմություն ունեցող ծրագրի շրջանակում ամեն տարի 50-60 երիտասարդ երաժիշտներ ստանում են ամենատարբեր բնույթի աջակցություն, որը տրամադրվում է համակողմանի ուսումնասիրության արդյունքում:
Ամառային դասընթացին մասնակցել են Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանողները, Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի, «Սայաթ-Նովա», «Սպենդիարյան», «Տիգրանյան» և «Մոկացյան» երաժշտական դպրոցների սաները: Նրանց հետ վարպետության դասեր են անցկացրել ոչ միայն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները՝ Նարեկ Ավագյանը, Անդրանիկ Քոչարյանը և Հարություն Շախկյանը, այլև հրավիրյալ մենակատարներ։ Մասնավորապես, գալարափողի դասընթացներն անցկացրել է Պաոլո Ռիցուտոն՝ Իտալիայից, շեփոր է պարապել Ստեֆանո Ֆլայբանին, և Խուան Պարդո Հիլն անցկացրել է տրոմբոնի դասերը:
Ավանդաբար ծրագրում ընդգրկվում են մեծ ստեղծագործական ներուժ ունեցող այն երիտասարդները, որոնք հայրենիքում ու նաև արտերկրում որակյալ կրթություն ստանալուց հետո պետք է համալրեն ազգային ֆիլհարմոնիկի կազմը:
Այս տարի «ԵրազԱրտն» առանձնահատուկ կարևոր է համարել փողայինների ուսուցանումը՝ ընդգծելով սահուն սերնդափոխության անհրաժեշտությունը:
Հետադարձ հայացքով գնահատելով ծրագրի վեցամյա փորձը՝ Արման Պադարյանը բարձր է գնահատում ծրագրի արդյունավետությունը:
«ԵրազԱրտի» ամառային երաժշտական դպրոցի երկրորդ փուլը տեղի կունենա հուլիսին՝ այս անգամ վարպետության դասեր անցկացնելով լարայինների, հարվածային գործիքներ և տավիղ նվագող երիտասարդների համար: