Մինչև ընտրապայքարն ու քարոզարշավի ընթացքում ոստիկանությունն արձանագրել է ընտրական իրավախախտման 172 դեպք, 101-ին ընթացք է տրվել, մյուսները ստուգվում են։ Ոստիկանությունում տվյալները ամփոփում, տեղեկացնում են՝ ընտրությունների նախապատրաստման, ընտրացուցակների ճշգրտման, ընտրախախտումների բացահայտմամբ կզբաղվի արդեն գործող օպերատիվ շտաբը:
Արա Ֆիդանյան (ՀՀ ոստիկանության պետի տեղակալ) - Ընտրակաշառք ստանալու և կամ ընտրողի կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելու վերաբերյալ 17 դեպք ենք ունեցել, նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն՝ 10 դեպք, լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն 1 դեպք, գույքը դիտավորությամբ վնասելու 14 դեպք, խուլիգանության, ծեծի ու սպառնալիքի՝ 8 դեպք և այլ բնույթի խախտումներ՝ 6 դեպք։
6 հաղորդում էլ ստացվել է քարոզարշավի մասնակից քաղաքական ուժերից: Ոստիկանությունից տեղեկացնում են՝ ծավալուն աշխատանք են իրականացրել ընտրողների իրական թիվը պարզելու համար: Ցուցակներից դուրս չեն հանվել ընտրելու իրավունք ունեցող, բայց Հայաստանից դուրս գտնվող քաղաքացիները:
Քարոզարշավի ընթացքի մասին. ոստիկանությունից վստահեցնում են՝ պահպանում են բոլոր թեկնածուների անվտանգությունը։
Արա Ֆիդանյան - Ուշադրություն չենք դարձնում որևէ կոնկրետ քաղաքական ուժի, ուշադրություն ենք դարձնում հասարակության անվտանգության ապահովմանը:
Ֆիդանյանը նաև արձագանքեց ոստիկաններից մեկի հայտարարությունը, թե իրենց աշխատակիցներին ստիպում են քարոզարշավների մասնակցել:
Արա Ֆիդանյան - Մեր ծառայակից գործընկերը ոստիկանության համակարգ ընդունվել է 2020 թվականի սեպտեմբերին ներքին զորքեր, չի մասնակցել նույնիսկ պատերազմական գործողություններին, այն դեպքում, երբ գրեթե ողջ ներքին զորքերի անձնակազմը մասնակից է եղել: Առնվազն 1 տարվա ավանդ պետք է ունենալ ոստիկանությունում, որպեսզի մնացյալին խորհուրդներ կամ ուղղություններ տա: