Ինչպես արդեն տեղեկացրել է ԱՆ-ն, հունիսի 12-13-ն ընկած ժամանակահատվածում «Մարտունի» ԲԿ-ից Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է տեղափոխվել աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (ընդհանուր թուլություն, փսխում, լուծ)` 14 պացիենտ (13-ը՝ 1-4 տարեկան երեխա, 1-ը՝ մեծահասակ): Համաճարակաբանական հետազոտության արդյունքում` հունիսի 13-ին նմանատիպ ախտանշաններով հայտնաբերվել է ևս 2 պացիենտ, ովքեր գտնվում են տանը՝ հիվանդության թեթև ընթացքով:
Պացիենտներն ընդունվել են «Մարտունի» ԲԿ «օբստրուկտիվ բրոնխիտ» և «բրոնխոպնևմոնիա» ախտորոշմամբ, սակայն վերջիններիս մոտ սկսվել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ, ինչը վկայում է ներհիվանդանոցային վարակի արձանագրման մասին։
Հունիսի 16-ի դրությամբ` Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն ընդունված 14 պացիենտից 3-ը դուրս են գրվել, 11-ը հիվանդանոցում են:
«Մարտունի» ԲԿ-ում իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում լաբորատոր հետազոտության նպատակով վերցվել են ջրի նմուշներ, լվացուկներ` ԱՑԽՄ և պաթոգեն միկրոֆլորայի նկատմամբ, ինչպես նաև բուժանձնակազմից նմուշներ՝ ստաֆիլակոկակրության և մանրէակրության նկատմամբ։ Մանրէակրության վերաբերյալ նմուշառվել են նաև բաժանմունքում բուժում ստացող երեխաներ և խնամակալ:
Հետազոտությունների արդյունքում` պացիենտների մոտ հայտնաբերվել է Կլոստրիդիում դիֆիցիլեի տոքսին և հարուցչի հակածին, իսկ աղիքային վիրուսային վարակների նկատմամբ իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում` «Ռեֆերենս» լաբորատոր կենտրոնում հայտնաբերվել են նաև Norovirus-ներ:
Ներհիվանդանոցային վարակի արձանագրման կապակցությամբ բժշկական կենտրոնում իրականացվել է սանիտարահամաճարակային ռեժիմի, ինչպես նաև վարակի հսկողության գործընթացների ներդրման ուսումնասիրություն:
Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հավանական փոխանցման մեխանիզմը կոնտակտային է, քանի որ ջրի նմուշներում շեղումներ չեն հայտնաբերվել:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առողջապահության նախարարությունը հորդորում է՝
-
հետևել ձեռքերի հիգիենային, հաճախակի լվացվել` հատկապես սնունդ պատրաստելուց, ուտելուց առաջ և հետո, զուգարանից օգտվելուց հետո.
-
բժշկական կազմակերպություններին բարձրացնել զգոնությունը ԲԿ-ներում շրջակա միջավայրի ախտահանման, անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործման, ձեռքերի հիգիենայի կանոնների պահպանման ուղղությամբ.
-
ձեռքերը լվանալ հոսող ջրով և օճառով հիվանդի հետ ֆիզիկական շփումից առաջ և հետո, բուժհիմնարկում համակարգչային ստեղնաշարի օգտագործումից առաջ և հետո, սնունդ պատրաստելուց և բաժանելուց առաջ, սնվելուց առաջ, դեղորայք բաժանելուց առաջ. սանհանգույցից օգտվելուց հետո, բոլոր այն դեպքերում, երբ ձեռքերը տեսանելիորեն աղտոտված են, ձեռնոցներ հագնելուց առաջ և հանելուց հետո.
-
սննդամթերքն (մրգերը, բանջարեղենը, հատապտուղները) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով.
-
պահպանել սննդամթերքը պատշաճ ջերմային պայմաններում` սառնարանում.
-
ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք։