«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատվերով հարցումներ են անցկացվել, այս պահին քաղաքական ուժը երրորդ հորիզոնականում է: Այսօր քարոզարշավի մեկնարկին հայտարարել է կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Լուսավորի» վարչապետի թեկնածուն, սակայն, չի ցանկացել նշել, թե հարցմանը մասնակցած քաղաքացիների քանի տոկոսն է պատրաստ ձայնը տալ
Էդմոն Մարուքյան («Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համար) - Ուսումնասիրություններն իրականացվել են խոշոր քաղաքներում, ոչ թե հեռախոսազանգերով, այլ շփումներով: Ընտրությունների օրը կտեսնեք, որ այդպես էլ կա:
Ըստ Մարուքյանի՝ իշխող ուժի և «Հայաստան» դաշինքի պայքարի արդյունքում ավելացել է իրենց աջակցող քաղաքացիների թիվը:
««Լուսավորը», ի տարբերություն այլ ուժերի,- մանրամասնում է Մարուքյանը,- առաջարկում է կոնկրետ ելք ստեղծված իրավիճակից, մինչդեռ մրցակիցները տանում են հասարակությունը հետընտրական ցնցումների»: Նման սցենարը կանխելու գործում «Լուսավորի» դերը լինելու է բացառիկ:
«Հետընտրական զարգացումները կարող են բացառվել միայն մի դեպքում, եթե դա չցանկանան քաղաքացիները և դա հաստատեն քվեների միջոցով»,- ասում է Մարուքյանը:
«Լուսավոր Հայաստանն» այսօր շարունակել է քարոզարշավի երևանյան բակերում:
Կուսակցության անդամները ցանկանում են իրենց ձայնը հատկապես հասանելի դարձնել դեռ չկողմնորոշված քաղաքացիների համար: