Հայաստանում վերջին տարիներին զգալիորեն կրճատվել է ստվերային տնտեսությունը: Դրա մասին են վկայում և՛ առևտրաշրջանառության ծավալները, և՛ հավաքված հարկերը: Ընթացիկ տարվա 5 ամիսներին Պետեկամուտների կոմիտեն ապահովել է մոտ 618 մլրդ դրամի հարկային եկամուտ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական եկամուտներն աճել են 34.7 մլրդ դրամով, 2019 թվականի համեմատ՝ 47.2 մլրդ դրամով:
400 և ավելի մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունների թիվը 2018-ից մինչև հիմա աճել է ավելի քան 36 տոկոսով՝ կազմելով ավելի քան 500 ընկերություն, որոնք իրենց հերթին ավելացրել են հարկերը մոտ 50%-ով:
Ստվերի հիմնական սկզբնաղբյուրը պետք է փնտրել Հայաստանի սահմանային հսկիչ կետերում՝ ասում է տնտեսագետը։ Եթե կարողանում ենք հարցը հենց սահմանին կարգավորել, հայտարարագրել այն, ինչ ներմուծվում է Հայաստան, հարցը հիմնականում կարելի է կարգավորված համարել:
Որ հարկատուները ամենօրյա հսկողության տակ են, պարզ է դառնում Պետեկամուտների կոմիտեի մոնիթորինգի կենտրոնում: Հարկատուների վարքագիծն այստեղ ամեն օր մշտադիտարկվում է: Արդեն 1 տարուց ավելի է` իրականացվում է նաև եկամտահարկի հայտարարագրման և աշխատողների ձևակերպման մոնիթորինգ: Հաշվի են առնում նաև հարկ վճարողի փաստացի գործունեության տեսակը, իրականացման վայրը, սեզոնայնությունը և այլ առանձնահատկություններ:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ ստվերի կրճատման ևս մեկ ցուցիչ է գրանցված աշխատատեղերի քանակի աճը: Մասնավորապես, եթե 2018 թ. ապրիլին գրանցված աշխատողների թիվը կազմել է 541 հազար, ապա արդեն 2021 թ. ապրիլին այդ ցուցանիշն ավելացել է 85 հազարով կամ շուրջ 16 տոկոսով՝ կազմելով 626 հազար աշխատատեղ: Համաշխարհային բանկի գնահատականով՝ 10 տարի առաջ Հայաստանում ստվերային տնտեսությունը գնահատվում էր մինչև 40 տոկոս:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան