Հայ ազգային կոնգրեսը կարողացել է ճեղքել այն երկբևեռ պատկերը, թե այս ընտրություններում պայքարում են միայն «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Հայաստան» դաշինքը. վստահ է ՀԱԿ-ի պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյանը:
Լևոն Զուրաբյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, ՀԱԿ) - Մեր քաղաքական մեսիջների շնորհիվ մեզ հաջողվել է իրականում այս ընտրապայքարում դառնալ նոր բևեռ:
ՀԱԿ-ը չի հավատում հրապարակված սոցիոլոգիական հարցումներին, պնդում է՝ չի արտացոլում իրականությունը: Զուրաբյանի խոսքով՝ որ քաղաքական ուժը մեծ ռեսուրսներ է ներդնում հարցումներում, ստանում է մեծ թվեր:
Լևոն Զուրաբյան - Մենք այդ խաբեությանը չենք մասնակցելու և միանշանակ ուզում ենք ասել, որ սա պետք է մերժվի նաև մեր հանրության կողմից, որովհետև Հայաստանում այսօր քաղաքական սոցիոլոգիա ուղղակի գոյություն չունի:
Զուրաբյանն ընդգծում է՝ իրենք քաղաքական ռեալիզմի կողմնակից են, ովքեր ուզում են կայունություն, պետք է ընտրեն իրենց՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Իրենց քարոզչական թերթիկներն է ցույց տալիս՝ ծրագրային ութ կետ, և հինգ պատճառ, թե ինչո՛ւ պետք է ընտրել Տեր-Պետրոսյանին: Բաժանում են նաև «25 հարց ու պատասխան» գրքույկը՝ այն մասին, թե ինչ միֆեր են պտտվում ՀԱԿ-ի շուրջ:
ՀԱԿ-ի գրասենյակի մյուս սենյակում Արամ Մանուկյանն է, այստեղ են քննարկվում բոլոր այն գաղափարները, որոնք քարոզչական միջոցառումներին են առնչվում:
Արամ Մանուկյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, ՀԱԿ) - Միջոցառումները դառնում են իրականություն, և էդ ընթացքում ծնվում են նոր գաղափարներ, մի խոսքով, մենք Կոնգրեսի անելիքների ծրագիրն ենք տալիս:
Հանդիպումներին ամենահնչող հարցը անվտանգության և ապագայի տեսլականի մասին է: Արման Մուսինյանի կարծիքով՝ քարոզարշավը բարդ է, դժվար, վիրավորանքն ու ատելության խոսքը շատ են:
Արման Մուսինյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, ՀԱԿ) - Մենք զգում ենք, որ հասարակության մեջ էդ սթափությունը, որը հաջորդեց մեծ աղետին, սթափությունը կամաց- կամաց ծիլեր է գցում, մենք լավատեսություն ունենք:
ՀԱԿ-ը դեռ բոլոր մարզերում չի եղել: Իրենց ասելիքը տեղ են հասցնում շտաբների միջոցով: Զուրաբյանը ներողություն է խնդրում, որ բոլոր վայրերում չեն եղել, վստահեցնում՝ հետո կայցելեն: