Ժնևում կայացավ Պուտին-Բայդեն երկար սպասված հանդիպումը: Այն տևեց բավական երկար` մոտ չորսուկես ժամ։ Ընդլայված կազմով հանդիպմանը մասնակցում էին նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Վլադիմիր Պուտին, ՌԴ նախագահ - Պարոն նախագահ, ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել այսօրվա հանդիպումը նախաձեռնելու համար: Գիտեմ, երկար գործուղում էր, շատ գործ ունեք անելու, բայց ռուս-ամերիկյան հարաբերություններում շատ հարցեր են կուտակվել, որոնք բարձր մակարդակի քննարկման կարիք ունեն և, հուսով եմ, մեր հանդիպումն արդյունավետ կլինի:
Ջո Բայդեն, ԱՄՆ նախագահ - Ինչպես դրսում ասացի, ցանկացած դեմ առ դեմ հանդիպում արդեն արդյունավետ է: Փորձում ենք կողմնորոշվել, թե որ հարցերում կարող ենք գործակցել: Իսկ այնտեղ, որտեղ տարաձայնություններ ունենք, կարող ենք ամեն ինչ անել, որ ռացիոնալ քննարկում անեն երկու գերտերությունները:
Ջերմ թվացող հանդիպմանը հաջորդեցին ասուլիսներ: Նախագահները ոչ թե հանդես եկան համատեղ հայտարությամբ, այլ առանձին ճեպազրույցներով: Մինչև այդ կան հանդիպման առաջին արդյունքները` երկու երկրի դեսպանները կվերադառնան իրենց աշխատանքին, կողմերը կսկսեն խորհրդակցություններ կիբերանվտանգության ոլորտում։ Բանակցությունն էլ լավը որակվեց. որևէ թշնամանք չկար: Իրավիճակը նկարագրելու համար Կրեմլի ղեկավարը պարզաբանեց:
Վլադիմիր Պուտին - Ինչ վերաբերում է Բայդենի՝ իմ հասցեին հնչեցրած կտրուկ հայտարարություններին. ինչ կարելի է ասել, բոլորդ էլ տեղյակ եք, բայց դրանից հետո նախագահն ինձ զանգել է, մենք պարզաբանել ենք իրավիճակը, ինձ նրա բացատրությունները բավարարել են, հետո մենք հանդիպեցինք. չէ՞ որ դա նրա նախաձեռնությունն էր:
Այդ ընթացքում Ժնևում չեն դադարում ցույցերը, նաև բնապահպանների մասնակցությամբ, որ սովորաբար նախորդում և հաջորդում են այսպիսի գագաթնաժողովներին: Իսկ շվեյցարական քաղաքը զարդարված է ռուսական դրոշներով, ցուցադրված է Շվեյցարիայում առկա ռուսական ժառանգությունը: