Հին ու հարուստ պատմություն ունեցող Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի խոր ձորերում, լեռների լանջին բազմել է Սուրբ Հռիփսիմե եկեղեցին: Գրեթե 350 տարվա պատմություն ունեցող սրբավայրը եռանավ բազիլիկ կառույց է: Ավանդության համաձայն՝ Հռիփսիմեն, 32 քրիստոնյա կույսերի հետ փախչելով Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից, գալիս է Հայաստան և քրիստոնեություն քարոզում, որտեղ հայոց Տրդատ Գ Մեծ արքայի կողմից նույնպես հալածանքների է ենթարկվում և սպանվում։ Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր հանգստարան, վրան՝ քարաշեն չորս սյուներով ամպհովանի։
Արդեն վաղուց եկեղեցում պատարագներ չեն մատուցվում, սակայն երբեմն հարսանեկան ծիսակատարություններ են իրականացվում՝ պատմում է գյուղի զբոսավարը:
Հատկապես տարվա այս եղանակին աշխարհի տարբեր ծայրերից գալիս են հիանալու Սյունյաց աշխարհի գեղեցկությամբ, իսկ տպավորությունների մասին պատմում են անդադար: Գերմանիայից ժամանած Մատիասը տպավորված է ոչ միայն Սյունիքի գեղեցկությամբ, այլ նաև հայ կանանցով, ասում է` հարսնացուն այս գյուղից է:
Ուխտատեղի դարձած Սուրբ Հռիփսիմե հասնելը բավական դժվար է՝ տեղանքի պատճառով, բայց այստեղ գալիս են առ Աստված աղոթք հղելու թե աշխարհի և թե Հայաստանի տարբեր անկյուններից:
Խնձորեսկ գյուղի տարածքում տարբեր պատմական ժամանակահատվածներում կառուցվել է չորս եկեղեցի: Նրանցից կանգուն են մնացել ընդամենը երկուսը, իսկ գյուղի հարավարևելյան եզրին պահպանվել է 9-10-րդ դարի ժայռափոր եկեղեցի:
Հեղինակ՝ Արմինե Սիմոնյան