Ժամեր անց շվեյցարական Ժնևի «Լա Գրանժ» դղյակում կմեկնարկի Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների սպասված հանդիպումը: Առանձնազրույցից մեկ ժամ հետո կսկսվեն Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի ընդլայնված կազմով բանակցությունները, հետո արդեն հանդիպման երկրորդ փուլը:
Հանդիպումը կանցկացվի փակ դռների հետևում: Կքննարկեն նաև տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը՝ հանդիպմանն ընդառաջ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Վերլուծաբանների կանխատեսմամբ՝ հանդիպման արդյունքում երկու երկրի սրված հարաբերություններում կարևոր առաջխաղացում չի գրանցվի, բայց հանդիպման փաստն արդեն դրական տեղաշարժ են համարում: Սպիտակ տունը հաստատել է, որ հանդիպումներից հետո Պուտինն ու Բայդենն առանձին-առանձին հանդես կգան մամուլի ասուլիսներով:
Բայդենը երեկ արդեն ժամանել է Ժնև, որտեղ հանդիպել է Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենի հետ: Հանդիպման մեկնարկի նկարահանումից հետո լրագրողները հարցրել են Բայդենին, թե արդյո՞ք պատրաստ է վաղվա հանդիպմանը, Սպիտակ տան ղեկավարը կարճ արձագանքել է. «Ես միշտ եմ պատրաստ»:
Արդեն մի քանի օր է Ժնևում անվտանգության խստագույն կանոններ են գործում: Օրեր առաջ Ժնևի երկինքը փակվել է Պուտինի և Բայդենի հանդիպման պատճառով: «Լա Գրանժ» դղյակի հարակից փողոցները ցանկապատվել են, իսկ լրատվամիջոցների համար հատուկ տարածք է հատկացվել: