Քննչական կոմիտեն ավարտել է Գորիսի քաղաքապետի գործի նախաքննությունն ու Առուշ Առուշանյանին միանգամից 5 հոդվածով մեղադրանք է առաջադրել: Դեպքերը մի քանիսն են՝ երեք տարբեր պատմության վերաբերող:
Հիմա հերթով. 2017-ից Գորիսի ղեկավարի պաշտոնն զբաղեցնող Առուշանյանն իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել ընդերքն ապօրինի օգտագործելու համար: Ըստ քննության՝ հանքանյութ ստանալու ու այն վերամշակելու նպատակով Սյունիքի Վերինշեն համայնքում գտնվող գյուղատնտեսական նշանակության մի հողակտոր նախ գրանցվել է որպես համայնքի սեփականություն, ապա ավագանու որոշմամբ՝ այն դրվել է աճուրդի: Ձևական աճուրդի միջոցով հողակտորն օտարվել է Առուշանյանի ազգականի անունով հիմնադրված ընկերությանը, որն, ի դեպ, ստեղծվել էր աճուրդից մեկ օր առաջ: Գործով քննիչն ասում է՝ առքուվաճառքից հետո, արդեն առանց թույլտվության, Գորիսի քաղաքապետն սկսել է ապօրինի օգտագործել ընդերքը՝ դա էլ մեկ այլ ազգականի անունով բացված ընկերության միջոցով:
Հանքի տարածքում ծանր տեխնիկան սկսել է աշխատել 2020-ի կեսերից, փորվել են նաև այլ մարդկանց սեփականությունը համարվող հողերն ու, ինչպես քննիչն է պնդում, առանց նրանց գիտության: Ու թեև քաղաքապետը մեղքը չի ընդունում, քննչականում վստահեցնում են՝ բավարար ապացույցներ կան, 3-4 ամիս դատարանի թույլտվությամբ արտաքին դիտում է արվել, արձանագրվել շարժը: Իրավապահներն այս գործով պետությանը պատճառված վնասը 28 միլիոն դրամից ավելի են գնահատել:
Մեղադրյալի աթոռին է նստել նաև ՍՊԸ-ի տնօրենը, նա ստորագրությամբ ազատ է արձակվել: Ազատության մեջ է նաև Առուշ Առուշանյանը, նրա նկատմամբ կիրառվել է գրավ՝ 2 միլիոն դրամի չափով: Բայց այսքանով Գորիսի քաղաքապետին վերաբերող մեղադրանքները չեն ավարտվում: Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նկարագրվում է ևս երկու դեպքի մասին: Դրանցից առաջինով՝ Առուշանյանի ընտանիքին պատկանող շինարարական ապրանքներ վաճառող խանութների ցանցից մեկում անցած տարեսկզբին հայտնաբերվել էր մոտ 33 միլիոն դրամի պակասորդ: Քննիչի խոսքով՝ վնասը փոխհատուցելու համար Առուշանյանն ընկերության պահեստ է կանչել պատասխանատու վաճառողին, որը նաև իր ազգականն է, և բռնությամբ ու սպառնալիքով ստիպել է իրեն տրամադրել նրա ավտոմեքենան, նաև բանկում գրավադնել աշխատակցի կնոջ հարազատների բնակարանը, գումարն էլ տալ իրեն:
Երրորդ դեպքով էլ, ըստ Կոմիտեի, վիճաբանության պատճառ է դարձել մեքենան վազանցելը: Գործի նյութերով Գորիսի բնակիչը ճանապարհին հանդիպել է քաղաքապետի մեքենային, հարկադրված շրջանցել է այն, ինչն էլ առաջացրել է Առուշանյանի բարկությունն ու նա իր երկու ընկերների հետ նախ բռնություն է գործադրել քաղաքացու նկատմամբ, ապա հայհոյել ու պոկել է նրա մեքենայի համարանիշը:
Առուշանյանից բացի այս գործով մեղադրյալ են նաև նրա երկու ընկերները: Գործող քաղաքապետի հետ խոսել այսօր չհաջողվեց, նա անպատասխան թողեց զանգերը: Իսկ Առուշանյանի պաշտպանը «Լուրերի» հետ զրույցում պնդեց՝ հանքը շահագործող ընկերության տնօրենին քննչականում չեն էլ հարցաքննել, ըստ նրա՝ բռնության դեպքով էլ Կոմիտեի տարածած տեսագրությունները բացարձակ կապ չունեն Գորիսի ղեկավարի հետ: Արմեն Մելքոնյանը վստահեցրեց՝ հակափաստարկներ ունեն, կբացահայտեն դատարանում:
Նախաքննության ավարտից հետո գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: