Ադրբեջանական հերթական սադրանքը մայիսի 28-ին հասավ Իսպանիա: Բարսելոնայի մետրոյի կայարաններում տեղադրվել են Ադրբեջանի օրվան նվիրված պաստառներ, որոնց վրա պատկերված է Շուշին: Միջադեպն արժանացել է Բարսելոնայի հայ համայնքի, Իսպանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի քննադատությանը: Բարսելոնայի մետրոյի տնօրենությանն ուղղված նամակում դեսպանը ներկայացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական գործողությունները, այդ թվում՝ ռազմական հանցագործությունները, ինչպես նաև Շուշին ալբանական քաղաք ներկայացնելու Բաքվի փորձերը:
«Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունների մեջ էր նաև հայկական մշակութային և կրոնական հուշարձանների ոչնչացումը, այդ թվում՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի ռմբոկոծումը՝ մեկ օրվա մեջ երկու անգամ: Այսօր հայկական եկեղեցին որպես ադրբեջանական մշակույթի մաս ներկայացված տեսնելը ոչ միայն ծայրահեղ ցավալի է և անարդար մեզ՝ հայերիս նկատմամբ, այլև վտանգավոր է մարդկության համար: Մտահոգիչ է, որ այս պետության բոլոր վերջին գործողությունները հիմնված են ատելություն, խտրականության և հայատյացության վրա և ամբողջապես հակասում են այն արժեքներին և գաղափարախոսությանը, որոնց պաշտպանը մշտապես եղել են կատալոնացիները: Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ խնդրում ենք հեռացնել ադրբեջանական պաստառները Բարսելոնայի մետրոյի կայարաններից»,- ասված է նամակում:
Իսպանիայում գործող հայկական մամուլում հրապարակվել են սադրանքը դատապարտող հոդվածներ:
Իսպանիայի «Արարատ» միություն - Բարսելոնայի հայ համայնքը Բարսելոնայի քաղաքային խորհրդին և Բարսելոնայի մետրոյի տնօրենությանը կոչ է անում անհապաղ ապամոնտաժել քաղաքի մետրոյի կանգառներում հայտնված Ադրբեջանի վերաբերյալ գովազդը: Կատալոնիայի հայ համայնքը կարծում է, որ այդ գովազդային վահանակները, որ պատկերում են հայկական քաղաքներն Ադրբեջանի կազմում, ապակողմնորոշիչ և սադրիչ են: Մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկ համարվող Բարսելոնայում անթույլատրելի է Ադրբեջանի բռնապետական կառավարության պաշտոնական քարոզը:
Բարսելոնայի մետրոյից ադրբեջանական սադրիչ պաստառները հանելու պահանջին միացել են նաև Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրա Բորասը, Բարսելոնայի քաղաքային խորհրդի անդամները: Օրեր անց Բարսելոնայի մետրոյի տնօրենությունը պահանջը բավարարեց: Այս շաբաթ իսպանական քաղաքից և մետրոյի կանգառներից կհեռացվեն Շուշին՝ որպես ադրբեջանական քաղաք ներկայացնող պաստառները: