Հունիսի 11-ից hayt.emis.am կայքում մեկնարկել է առաջին դասարանցիների առցանց հայտագրման գործընթացն այն դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից հայտնում են՝ շուրջ 5 օրում արդեն 21963 երեխա հայտագրվել է:
Արտակ Պողոսյան (Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն) - Փորձը ցույց է տալիս, որ մեր համակարգով հայտագրվում են մոտ 25500 երեխա: Այսինքն՝ կարող ենք փաստել, որ մեծ մասը երեխաների արդեն իսկ հայտագրված է, և կարող են փաստաթղթերը ծնողները ներկայացնել ուսումնական հաստատություն, երեխաներին հրամանագրել և ընդունել դպրոց:
Նախքան հունիսի 11-ը՝ առաջին փուլով հայտագրվել էին այն առաջին դասարանցիները, որոնց ծնողներից մեկը հանդիսանում էր տվյալ դպրոցի աշխատակից, կամ այդ դպրոցում ունեին արդեն սովորող քույր կամ եղբայր: Արտակ Պողոսյանը հայտնում է՝ երկրորդ փուլում համակարգը հավասար պայմաններով բաց է եղել բոլորի համար, ու շատ արագ գրանցումներ են եղել: Եղել են դպրոցներ, որոնց հայտագրումը ավարտվել է ընդամենը 20-25 վայրկանում:
Արտակ Պողոսյան - Պետք է ասեմ, որ համակարգը տեխնիկական, ծրագրային որևէ խնդիր չի ունեցել, աշխատել է շատ նորմալ, և մեր ծնողները կարողացել են հանգիստ գրանցել իրենց երեխաներին: Իհարկե եղել են դեպքեր, երբ ծնողները չեն հասցրել: Դա պայմանավորված է մի քանի դպրոցներով, որտեղ ցանկացողների թիվը իրենց երեխաներին հայտագրելու բավականին մեծ է եղել: Այս տարի, օրինակ՝ 135-րդ դպրոցը, 51-րդ դպրոցը, 130-րդ դպրոցում:
Հայտագրումից առաջ՝ դեռ մայիսին, ծնողները հնարավորություն ունեին այցելել stugum.emis.am կայք և ստուգել երեխայի տվյալների առկայությունը, ծնողների տվյալների հետ համապատասխանությունը բնակչության պետական ռեգիստրի բազայի հետ, որ հայտագրման ընթացքում խնդիրներ չլինեն:
Արտակ Պողոսյան - Այս տվյալների ստուգումը ևս մեկ մեխանիզմ է կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով, որպեսզի որևէ անձ չկարողանա իր փաստաթղթով իր հետ կապ չունեցող որևէ երեխայի մուտքագրել համակարգ: Դա արվում է հենց իրենց իրավունքների պաշտպանության համար:
Երկրորդ փուլով մեկնարկած հայտագրման համակարգը վերջնաժամկետ չունի, բաց կլինի ողջ ուսումնական տարվա համար: Եթե Հայաստանի քաղաքացիները վերադառնան այլ երկրից, օրինակ՝ աշնանը, ապա երեխային դպրոց տանելու համար կկարողանան հայտագրել: