«Վերելք» կուսակցությունը քարոզարշավի 10-րդ օրը զինվորական կոշիկների արտադրամասում է։ Ռազմարդյունաբերության ոլորտը քաղաքական ուժի հատուկ ուշադրության կենտրոնում է:
Ալեքսան Մինասյանը վստահ է՝ համազգեստի որակը՝ հատկապես կոշիկը, զինվորի գործողությունների հաջողության գրավականներից մեկն է։ Հագուստը, իհարկե, կարևոր է, բայց ամուր պարիսպներ ունենալն էլ երկրորդական չէ՝ ասում է Մինասյանը:
Ալեքսան Մինասյան, «Վերելք» կուսակցության ցուցակի 1-ին համար - Մենք պետք է ամրացնենք մեր սահմանները բետոնային աշխատանքներով, որը թույլ կտա մեր զինվորներին նույնպես պաշտպանված զգալ:
«Վերելքում» նաև հաշվել են՝ 800 մլն դոլար հատկացնելով՝ հնարավոր է ամրոց-պետություն դառնալ:
Կուսակցության հաջորդ հանդիպումը առողջապահական համակարգի ներկայացուցիչների հետ էր: Բուժաշխատողներին «Վերելքի» ղեկավարը բժշկական լեզվով է բացատրում անվտանգության խնդիրները:
Ալեքսան Մինասյան - Առաջինը մեր պաշտպանության խնդիրն է: Անվտանգությունը կհամեմատեմ մաշկի հետ: Մենք մեր մաշկը փորձում ենք պահել ողորկ ու լավ: Մեր պետությունն էլ, կուզեմ, իր մաշկը պահի ողորկ ու հարթ, բայց դրա համար ջանքեր են պետք:
Զենքով մարդը դեռ զինվոր չէ, պետք է զինվորներին կրթել՝ նշում է Մինասյանը, շեշտում՝ դիվանագիտությունն արդյունք կունենա միայն այն դեպքում, երբ դիվանագետի թիկունքը լինի ամուր: