Հունիսի 18-ին Իրանում 13-րդ անգամ նախագահ են ընտրելու: Նախագահ Հասան Ռոհանին երրորդ անգամ առաջադրվել չի կարող, վերլուծաբանները ֆավորիտներ են փնտրում այլ գործիչների շրջանում: Էքզիթ փոլերը ցույց են տալիս, որ ամենամեծ շանսերն ունի արդարադատության նախարար Էբրահիմ Ռայիսին:
Իրանում իրականացված բոլոր սոցիալական հարցումների համաձայն՝ Ռայիսին բացահայտ առաջատար է՝ հարցվածների մոտ 60 տոկոսի աջակցությամբ:
Գերագույն առաջնորդից հետո նախագահն ամենաբարձր պաշտոնն է Իրանում: Իրանի ցանկացած քաղաքացի, որ ծնվել է Իրանում, հավատում է Աստծուն և Իսլամին, միշտ հավատարիմ է եղել Սահմանադրությանը, Գերագույն հոգևոր առաջնորդին և Իսլամական Հանրապետությանը, կարող է առաջադրել իր թեկնածությունը:
Ընտրական մոնիթորինգային գործակալության կամ պահապանների խորհրդի գրանցումը ցույց տվեց, սակայն, որ այս գործընթացն այնքան էլ հեշտ չէ: 590 թեկնածուից հաստատվել է միայն 7-ի գրանցումը, ընտրությունից երկու օր առաջ ամենացածր վարկանիշ ունեցող Մոհսեն Մեհրալիզադեն հրաժարվել է ընտրապայքարից:
Գրանցման հարցում մերժված թեկնածուների թվում են՝ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, խորհրդարանի նախկին նախագահ Ալի Լարիջանին, որ ֆավորիտ էր համարվում: Մերժվածների մեջ է նաև Հեղափոխության պահապանների կորպուսի երկրորդ հրամանատար, գեներալ Սաիդ Մոհամմադը: Վերլուծաբանները նրա շանսերը ևս բարձր էին գնահատում: Մերժումների պատճառը Պահապանների խորհուրդը չի պարզաբանել: Թեկնածուների մեջ կանայք չկան, բայց մերժելու պատճառը կին լինելը չէ՝ վստահեցնում են կառույցից:
Ըստ սոցհարցումների և հասարակական տրամադրվածությունների՝ այս ընտրություններին քաղաքացիների մասնակցության մակարդակը կլինի բավական ցածր, ինչը կնվազեցնի նաև նախագահի ինստիտուտի դերը:
Գրաֆիկում ներկայացված են Իրանի նախագահի թեկնածուների վարկանիշն ընտրությանը նախորդած երկու շաբաթվա ընթացքում: Ու թեև հիմնական ֆավորիտ Էբրահիմ Ռայիսիի վարկանիշը համեմատաբար նվազել է, սակայն, միևնույն է՝ նա բացարձակ առաջատարն է, իսկ մյուս թեկնածուների վարկանիշի աճը չնչին է: