Լավ նորությունը «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանի խոսքով՝ երրորդ նախագահի երեկվա հայտարարությունն է, ըստ որի՝ Սերժ Սարգսյանին հասանելի են դարձել տեղեկություններ, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չունի բնակչության մեծամասնության վստահությունը և հունիսի 20-ին հեռացվելու է իշխանությունից
Սոս Հակոբյան («Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ) - Սա չի նշանակում, թե պետք է թուլանալ, այլ տրամադրություններ են ուսումնասիրված, որոնք դեռ պետք է իրացնել հունիսի 20-ին՝ հստակ ամրագրելով մեր քվեով ու Հայաստանին հնարավորություն տալ իրապես վերադառնալ զարգացման ուղի:
Ոչ մի քաղաքական ուժ քարոզարշավի ընթացքում ցույց չի տվել արտաքին քաղաքական աջակցության այնպիսի ծավալ, ինչպես «Պատիվ ունեմ» դաշինքը՝ ձևակերպումը Սոս Հակոբյանինն է:
Սոս Հակոբյան - Վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի այցը Մոսկվա, որտեղ տեղի էր ունեցել պաշտոնական հանդիպում ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի, նրա տեղակալի հետ, բացի այդ եվրոպական քաղաքական ընտանիքի ամենախոշոր անդամներն՝ Եվրոպական ժողովրդական կուսակցություն ու Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը, իրենց աջակցությունն են հայտնել ՀՀԿ-ին
Պատերազմի ժամանակ և սահմանից հայ զինծառայողներին գերեվարելուց հետո, Հակոբյանի գնահատմամբ՝ հայ ժողովրդի համար ամենածանր ապտակը երեկ Շուշիում էր: Էրդողան-Ալիև զույգը Արցախի օկուպացված բերդաքաղաքում Շուշիի, այսպես կոչված հռչակագիրն է ստորագրել:
Քարոզարշավի վերջում «Պատիվ ունեմ»-ը հանրահավաք կանի՞, թե՞ ոչ՝ դեռ պարզ չէ, պարզ է միայն, որ թույլ չեն տա հետընտրական բախումներ: Իրենք ենթադրում են նման սցենար, քաղաքացիներն էլ հորդորում՝ պատրաստ լինել տեր կանգնել իրենց ձայնին: