Հայաստանում որոշ քաղաքական ուժեր փորձում են կեղծ օրակարգ թելադրել, իբր մեր երկրում ստեղծվել է անայլընտրանքային միջավայր՝ հայտարարում է «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ցուցակի առաջատարը:
Տիգրան Ուրիխանյան, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ցուցակի 1-ին համար - Նախկինների ու ներկաների իբր անայլընտրանքային մրցապայքարի տպավորությունն, անշուշտ, ծուղակ է և թակարդ, որից հասարակությունը պիտի դուրս գա՝ ընտրելով, օրինակ, 10-րդ քվեաթերթիկը, որպեսզի իր քվեն, իր ձայնը, իր համաձայնությունը տա ծրագրերին:
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության վարչապետի թեկնածուն վերահաստատում է՝ կուսակցությունը խոսում է և խոսելու է բացառապես մեկ ամսվա նախընտրական ծրագրի մասին:
Տիգրան Ուրիխանյան - Մեր յուրաքանչյուր դրույթ սկսում է, իհարկե, անվտանգությանը վերաբերող 1400 կմ սահմանի ապահովվածությունն իրականացնող, ընդ որում՝ հարատև և երկարաժամկետ կայունության հեռանկարով, Արցախի Հանրապետության խնդրի շուրջ նոր ձևաչափի բանակցություններ սկսելուն, գերիների վերադարձին, մեր երկրի տարածքում գտնվող օտարերկրյա թշնամական ԶՈւ ներկայության ու այդ հարցը լուծելու տարբերակներին՝ ներառյալ սոցիալական ճեղքվածքին, անդունդին, աղետին վերաբերող խնդիրներ և լուծումներ, տնտեսության վերակազդուրման և տնտեսական աճի վերականգման հետ կապված հարցեր, գյուղատնտեսություն, թեթև և ծանր արդյունաբերություն, սպասարկում և առևտուր, կրթական համակարգ, առողջապահություն:
Մեկամսյա ծրագիր է, որովհետև երկիրն օպերատիվ ու ճգնաժամային կառավարման իրավիճակում է՝ պարզաբանում է Տիգրան Ուրիխանյանը: Ավելի մանրամասնում մեկ ամսում հաջողություններ գրանցելու բանաձևը. օրինակ՝ սոցիալական խնդիրները լուծելու համար առաջինը կվերացնեն կենսաթոշակային վճարների պարտադիր բաղադրիչը, կխնայեն գումար, կբարձրացնեն թոշակները: Կներդնեն նաև առողջապահական ապահովագրություն: Կարևոր են համարում նաև Արցախյան հարցի շութափույթ լուծումը:
Տիգրան Ուրիխանյան - Արցախի Հանրապետությունը պիտի ճանաչվի որպես անկախ պետական միավոր, իսկ առաջին հերթին՝ դա պիտի անի մեր դաշնակից, ռազմական գործընկեր, տարածաշրջանային, սեփական, ազգային ու պետական շահեր ունեցող պետությունը՝ Ռուսաստանի Դաշնությունը, հետևաբար՝ հենց դաշնակցի հետ Հայաստանը պիտի սկսի նոր ձևաչափի բանակցություններ:
Ուրիխանյանը հստակ գիտի նաև անվտանգությունը վերականգնելու բանաձևը: Պետք է պարզել, թե ինչպե՞ս է մեր երկիրը, որի անվտանգությունը հենված է Ռուսաստանի անվտանգային համակարգի վրա, հայտնվել այսպիսի իրավիճակում, երբ թշնամին մեր հողում է, հետ չի գնում, զինվոր է առևանգում:
Տիգրան Ուրիխանյան - Մեր իշխանության գալուց ժամեր անց հասարակությունն իմանալու է, թե ինչու է այդպես և երկրորդ, ռազմավարական գործընկերոջը՝ Ռուսաստանին, այդ երկրի ղեկավարությանն անմիջապես տեղեկացվելու է, որ Հայաստանն սկսում է հակազդման միջոցառում՝ պատժիչ գործողություն, ինչը բխում է մեր օրենսդրությունից և ամբողջ տրամաբանությունից և ակնկալելու ենք, միաժամանակ, Ռուսատանի Դաշնության կողմից պայմանագրային դրույթների իրագործում:
Սա չի նշանակում նոր պատերազմ՝ վստահեցնում է Ուրիխանյանն ու հավելում՝ պատերազմով մարդկանց ուղղակի վախեցնում ու խաբում են: Հնարավոր կոալիցիաներ կազմելու հարցին էլ Ուրիխանյանը կարճ է պատասխանում՝ եթե իշխանություն կազմելու համար իրենց որոշակի տոկոսներ չհերիքեն, իրենք կքննարկեն բոլոր ուժերի հետ հնարավոր գործակցության և իրենց միանալու հնարավորությունները: