Ամիսներ առաջ այս տանը ընտանիք էր ապրում, իսկ հիմա այս հարկի տակ խաչվում են հայ և եզդի ժողովուրդների արվեստն ու մշակույթը: Կենտրոնը հիմնվել է Գերմանիայում բնակվող Մրազ Համզայի մեկենասությամբ: Նախաձեռնության հեղինակները փորձելու են գտնել, վեր հանել հայ-եզդիական խաչվող արժեքներն ու հարթակ ստեղծել եզդի երեխաների կրթամշակութային դստիարակության համար:
Սայիդ Ավդալյան («Երիտասարդ եզդիներ» կազմակերպության նախագահ) - Այս կենտրոնը կարելի է դիտարկել որպես հայ և եզդի մշակույթի փոխադարձ երկխոսության հարթակ, որտեղ հայերը կսովորեն եզդիական ավանդույթներն ու մշակույթը և հակառակը:
Գրետա Ալեքսանյան («Հայ-եզդիական մշակութային խաչմերուկ» արվեստի կենտրոնի հիմնադիր) - Պետք է հայ-եզդիական դարավոր եղբայրության ձեռքը ավելի ամուր սեղմենք նաև այս տարբերակով:
Մշակութային խաչմերուկն առաջինն ու առայժմ միակն է Հայաստանում: Բայց շուտով նման կենտրոններ կբացվեն եզդիաբնակ այլ համայնքներում նույնպես: Վայրի ընտրությունը պատահական չէ. Այն գտնվում է Ակնալճում՝ եզդիների սրբավայր Մալակե Տաուսի հարևանությամբ, որտեղ պարբերաբար հավաքվում են աշխարհասփյուռ եզդիները:
Սայիդ Ավդալյան - Իրենք իրենց գործողություններում փորձեն այս միջոցառումների կողքին լինել, գործուն միջամտություն իրականացնեն:
Կենտրոնի հիմնադիրը՝ Գրետան, հայուհի է: Եզդի ժողովրդի հանդեպ ունեցած հարգանքն է նրան ստիպել մշակութային հարթակ հիմնել, որտեղ կողք կողքի կներկայացվեն հայերի ու եզդիների հոգևոր և ազգային արժեքները, կխաչվեն բարեկամ ժողովուրդների կենցաղվարությունն ու մշակույթը: Նոր-նոր բացված՝ կենտրոնն արդեն բազմաթիվ սաներ ունի: Ծնողներին համոզելու և այստեղ հաճախելու համար աղջնակից երկար ջանքեր չեն պահանջվել:
Նաև ինքնապաշտպանվել ու ամենաբարդ իրավիճակներում կողմնորոշվել կսովորեցնեն: Դասը կվարի արմֆայթինգ մարզաձևի Հայաստանի բազմակի չեմպիոնը:
Ջնդի Ջնդոյան (արմֆայթինգի Հայաստանի բազմակի չեմպիոն) - Սովորեցնել մեր ապագա սերնդին ինքնապաշտպանվել, որ ուժեղ զինվորներ ունենանք:
Այստեղ կտեղափոխվի նաև Արսեն Փոլադովի անվան՝ Հայաստանում գործող միակ եզդիական թատրոնը: Դերասանուհիները, որոնք իրենց վրա են վերցրել եզդի համայնքի դժգոհությունները՝ լռակյաց եզդուհուց համարձակը կերտելու քայլի համար, կարծրատիպ են կոտրել: Նրանք այստեղ կսովորեցնեն բեմ բարձրանալու այբուբենը:
Քայլեր կարվեն նաև եզդի ժողովրդի մշակութային կորսված արժեքները հայթայթելու ուղղությամբ: Այդ գործում անհրաժեշտ կլինի աշխարհասփյուռ եզդիների օժանդակությունը: