Մեկ-մեկ, հերթով բոլորին բարևելով է նախընտրական քարոզարշավը Զեյթունում շարունակում «Ինքնիշխան Հայաստանը»: Կուսակցության առաջին համար Դավիթ Սանասարյանը դրական լիցքեր է ստանում բնակիչների հետ հանդիպումից:
Դավիթ Սանասարյան («Ինքնիշխան Հայաստան» կուսակցության 1-ին համար) - Քաղաքացիները բավական ջերմ են ընդունում, որովհետև ես միշտ եղել եմ իրենց կողքին, իրենց հետ դժվարությունները կիսել եմ, իմ ընկերների հետ սկզբունքային պայքար եմ տարել, և հիմա քաղաքացիները իրենց վերաբերմունքը տալիս են: Ինչ վերաբերում ա մյուս ուժերին, Հայաստանում պետք ա թշնամիներ ման չգանք: Քաղաքական խնդիրները պետք ա լուծենք քաղաքակիրթ ձևով՝ պայքարի ձևով, էդ թվում նաև՝ հեղափոխության:
Հեղափոխությունը, Սանասարյանի խոսքով՝ կես ճանապարհին կանգ է առել, ինքն ու թիմակիցները խոստանում են տեղ հասցնել՝ նվիրյալների ժամանակն է:
Միասնականության, համախմբման կոչով Սանասարյանն ու թիմակիցները խանութից խանութ, փողոցից փողոց անցան, ներկայացան՝ ով են, ինչ են ուզում փոխել Հայաստանում: Խորհրդարան անցնելու դեպքում կլինեն առողջ ընդդիմություն:
Դավիթ Սանասարյան - Ընդդիմությունը պետք ա իշխանության սխալները շեշտի, ասի՝ ա՛յ էս բանը սխալ ես անում, իշխանությունն էլ ուղղի, բայց առանց միմյանց վիրավորելու:
«Ինքնիշխան Հայաստանը» Հայաստանի պաշտպանությանն իր պատկերացումներն ունի՝ անցում պաշտպանական մարտավարությունից ժամանակակից հարձակողականի:
Դավիթ Սանասարյան - Ասում ենք՝ հարձակողական, որովհետև էս դարում մենք պետք է ունենանք ժամանակակից բանակ, և եթե, օրինակ՝ վատ սցենարի դեպքում Բերձորի ճանապարհը փակեցին՝ ի՞նչ ենք անում:
Արտաքին քաղաքականության ոլորտում առանձնահատուկ դաշնակցային հարաբերություններ հատկապես Ֆրանսիայի հետ՝ ոչ թե հակադրվելով Ռուսաստանին, այլ ուժային կենտրոնների հետ համադրելով Հայաստանի շահերը:
Դավիթ Սանասարյան - Ֆրանսիայի հետ մենք նոր որակի դաշնակցային հարաբերություն ենք ունենալու՝ և՛ ռազմական, և՛ տնտեսական: Մեր ռազմավարական դաշնակիցը մեր նեղ պահին մեզ չօգնեց, և եթե շարունակելու ենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործակցությունը, այն պետք է լինի արժանապատիվ:
Պետական սահմանն արժանապատվորեն պահելու համար էլ Սանասարյանն իր մոտեցումն ունի. եթե դիվանագիտությունը չի լուծում Սյունիքի, Գեղարքունիքի սահմաններից ադրբեջանցիներին հանելու հարցը, գործը պետք է անի Հայոց բանակը: