«Արդար Հայաստան» կուսակցությունը որդեգրել է քաղաքացիների հետ անմիջական շփման տարբերակը: Կուսակցության անդամներն այսօր քայլերթ են իրականացրել Աջափնյակում, բաժանել թռուցիկներ: Կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի խոսքով՝ «Արդար Հայաստանը» բազմապրոֆիլ ծրագիր ունի: Կարծում է՝ այսօր պետք է բեկում մտցնել տնտեսության ոլորտում:
Նորայր Նորիկյան, «Արդար Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համար - Պետք է կարողանանք 2 խոշոր ձեռնարկություն հիմնել բոլոր մարզերում, ինչը լավ ազդեցություն կունենա հազարավոր աշխատատեղերի ստեղծման վրա, երկրի տնտեսական կյանքը կաշխուժանա: Սա հնարավոր է նորագույն տեխնոլոգիաների, կարողունակ ուժերի միավորումներով:
Նորիկյանը կարծում է՝ հանդուգն տնտեսական ծրագրերի, խոշոր նախագծերի ժամանակն է:
Նորայր Նորիկյան - Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը պարտավոր ենք ավարտել հնարավորինս սեղմ ժամկետում: Հայաստանը պետք է գլոբալ որոշում կայացնի և Իրանի հետ բանակցություններ սկսի Իրան-Վրաստան-Հայաստան նավթամուղի, գազամուղի, նոր ատոմակայանի կառուցման համար: Եթե նման նախագծեր չիրականացնենք, որևէ բեկում չենք կարող մտցնել մեր տնտեսական կյանքում:
Կուսակցության ղեկավարը կարծում է, որ ցանկացած երկիր կարող է զարգանալ միայն արդյունաբերության միջոցով: Եթե չկարողանանք ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ, արտագաղթը մեր երկրում կշարունակվի: