«Ազգային-ժողովրդավարական բևեռը» միակ քաղաքական ուժն է, որն առաջարկում է իրական դեղատոմս, վստահեցնում է կուսակցության անդամ Հայկ Մարտիրոսյանը:
Հայկ Մարտիրոսյան («Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության ներկայացուցիչ) - Բևեռը այն միակ ուժն է, որը իրապես ազգային պետութուն կառուցելու, ոչ թե նացիոնալիստական, այլ ազգային, իրապես պետության շահերից ելնող ուժ է, որը չի սպասարկում արտաքին՝ դրսի մոսկովյան օրակարգ, որը անում են նախկինները և ներկաները միասին:
Դաշինքի անդամ Արա Պապյանը նշում է՝ իրենց օրակարգին ծանոթացնելու անհրաժեշտություն կա, իրենց քաղաքական ուժի վերաբերյալ շատ ապատեղեկություն է տարածվել:
Արա Պապյան («Ազգային-ժողովորդավարական բևեռ» համահայկական կուսակցության ներկայացուցիչ) - Ժողովրդի հետ իմ շփումները ցույց տվեցին, որ երբ նրանք իմանում են ԱԺԲ-ի մասին և իմանում են նպատակները, մեծ մասամբ հակվում են մեր կողմը: Ցավոք սրտի, մենք չունենք էդ մեծ հնարավորությունները բոլորին, հատկապես մարզերում մեր իրականությունը հասցնելու, բայց դա անում ենք:
«Ազգային-ժողովրդավարական բևեռի» օրակարգն է՝ դուրս գալ այն անվտանգության համակարգից, որն անվտանգություն չի ապահովում՝ նշում է Մարտիրոսյանը, շեշտում՝ Հայաստանի ներքին զարգացումը պայմանավորված է արտաքին քաղաքական ուղղվածությամբ:
Հայկ Մարտիրոսյան - 30 տարիների խիստ ձախողված քաղաքականության փոփոխություն է առաջարկում, պետք է հասկանալ, որ Հայաստանի ապագան՝ տնտեսական, ներքաղաքական, արտաքին քաղաքական առումով, որոշվում է արտաքին քաղաքական ուղղվածությամբ: Հայաստանը չի զարգացել, քանի որ այդպես է ցանկացել Ռուսաստանը, որպեսզի տոտալ վերահսկողություն ունենա:
Բևեռի դեղատոմսը նախկինների ու ներկաների հետ կապ չունի, իրավիճակը փոխելու համար Հայաստանին նոր ուժ է պետք՝ վստահեցնում են դաշինքի անդամները:
Արա Պապյան - Ուզո՞ւմ եք նոր արդյունք, ընտրե՛ք նոր քաղաքական ուժի, նոր արտաքին քաղաքական ուղենիշներով, նոր անվտանգության համակարգով, նոր տնտեսական ներդրումների հնարավորություններով:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան