«Ազատ Հայրենիք» դաշինքը որևէ քաղաքական ուժի հետ միավորվելու մտադրություն չունի, գործակցության եզրեր չեն տեսնում: Պատերազմում պարտության համար մեղադրում են վարչապետի պաշտոնակատարին ու Հայաստանի 2-րդ նախագահին:
Արշակ Սադոյան, ԱԺ պատգամավորի թեկնածու («Ազատ Հայրենիք») - Անընդհատ խաբել, խաբել, խաբել են ձեզ, ամեն քայլափոխին են խաբել: Առաջին օրից էլ գիտեին, որ պարտվելու ենք, բոլոր քաղաքներում կպցրել էին՝ հաղթում ենք:
Սադոյանը խոստացավ՝ դաշինքի կարգախոսին հավատարիմ՝ իրենք քաղաքացու հետ ազնիվ են լինելու, հետո էլ ավելացրեց՝ պետության ղեկին պետք է կանգնի իմաստուն, փորձված ղեկավար:
Արշակ Սադոյան - Պետության ղեկին կանգնած է մի մարդ, որը չի էլ պատկերացնում, թե ինչ է պետությունը: Չի հասկանում, թե ինչ պետք է անել: Ծրագիր չունի, գաղափարներ չունի: Հիմա պատկերացրեք, այդ պետության ղեկավարն ուզում է ոտք գցել Էրդողանի, Պուտինի հետ:
Սադոյանին շարունակեց Մանուկյանը՝ հորդորեց չտրվել խաբեությանն ու դատարկ խոսքերին, այլ առողջ դատել ու հասկանալ՝ ինչ է իսկապես արվել այս տարիների ընթացքում
Խաչիկ Մանուկյան, ԱԺ պատգամավորի թեկնածու, «Ազատ Հայրենիք» - Նայեք կատարվածին, դուք նայեք այդ խեղվածներին, որոնք հեշտ ու հանգիստ թվեր են ասում՝ 400-ից մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ: Հասկանո՞ւմ եք, կյանքերի հետ ինչպես են խաղում: Խլում են մեզանից ամեն ինչ, խլում են քաղցր խոսքերով, սրա-նրա անունը հիշելով:
Ազատ հայրենիք դաշինքում 5 կուսակցություն է՝ «Ազգային Ինքնորոշում միավորում», «Արդարություն», «Ժողովրդավարական Հայրենիք», «Հայ Կառուցողական» «Պահպանողական»: Ըստ իրենց վարչապետի թեկնածուի՝ բոլորին համախմբել է հայրենիքը փրկելու նպատակը:
Անդրիաս Ղուկասյան, «Ազատ Հայրենիք» դաշինքի ցուցակի 1-ին համար - Հասկանում էինք, որ հարկավոր է ստեղծել քաղաքական հակակշիռ, դրա համար ջանքեր գործադրեցինք, որ բացի մեր կուսակցությունից միավորենք հնարավորինս շատ քաղաքական ուժեր: Արեցինք ամեն ինչ, որպեսզի այդ միասնությունը կայանա:
Դաշինքի անդամները խոստացան՝ ԱԺ անցնելուց հետո առաջին բանը, որ պիտի անեն, անվտանգության ապահովումն է: